Մատչելիության հղումներ

Փառատոնի այսօրվա թեման գրականությունն էր


«Մենք կաղում ենք հայ գրականության տարածման ոլորտում», - կարծում է Բուլղարիայում բազմաթիվ հայկական գրքերի թարգմանության հեղինակ Հակոբ Մոմճյանը: - «Բուլղարիայում լավ են ճանաչում հայկական երգը, պարը, բայց այսօր մենք չենք կարողանում հետեւել արդի հայ գրականության զարգացմանը: Բուլղարիայում ամեն տարի տեղի է ունենում գրքի երեք մեծ ցուցահանդես, որտեղ Հայաստանը բացակայում է: Մենք այսօր չգիտենք, թե ինչ է հրատարակվում Հայաստանում, մեզ մոտ Հայաստանից գիրք, գրական ամսագիր չի գալիս»:

Ավստրահայկական մշակութային միության նախագահ Ռազմիկ Հարությունյան֊-Թամրազյանը ուրախ է Հայաստանում մասնակցելու հայ մշակույթի փառատոնին, բայց տխուր է, որ Ավստրիայում հայ մշակույթը հաճախ ինչպես հարկն է չի ներկայացվում: «Հաճախ Ավստրիայում հայ մշակույթը ներկայացնելու են գալիս ցածրորակ խմբեր, իսկ ավստրիացին նրանցով սխալ պատկերացում է կազմում ողջ հայ մշակույթի մասին», - ասում է նա:

«Այսօր սփյուռքահայ երիտասարդությունը դժվարանում է հայ մշակույթի հետ կապ ստեղծել: Դժբախտաբար, սփյուռքահայ երիտասարդների մշակույթը Արամ Ասատրյանով սկսվում է, Թաթայով ավարտվում: Այս տեսակ փառատոնները, ծրագրերը հնարավորություն են տալիս սփյուռքահայ երիտասարդներին շփվել հայ մշակույթի հետ եւ ճանաչել այն», - ասում է Ավստրիայում ապրող Բագին Հարությունյանը:

«Մեկ ազգ՝ մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը խոստացավ փառատոնի շրջանակներում կրկին անդրադառնալ եւ փորձել լուծում գտնել սփյուռքահայ մշակութային գործիչների բարձրացրած խնդիրներին:

Սփյուռքահայ գրական գործիչների հետ հանդիպումից հետո կինոթատրոնի սրահում բացվեց սփյուռքահայ ստեղծագործողների գրքերի ցուցահանդես-տոնավաճառ:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG