Մատչելիության հղումներ

«Նյու Յորք Թայմս» պարբերականը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին


«Նյու Յորք Թայմս»-ը մայիսի 26-ին տպագրել էր ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նավի Սենսոյի՝ թերթի խմբագրին հղած «Թուրքերն ու հայերը» վերտառությամբ նամակը: «Ի տարբերություն հրեական Ողջակիզման, ցեղասպանության շուրջ հայերի պնդումները երբեք չեն հիմնավորվել ոչ պատմականորեն, ոչ էլ իրավաբանորեն», - գրել էր նա, պնդելով, թե «պատմությունը պետք է թողնել պատմաբաններին»:

«Այդ պատճառով էլ Թուրքիան առաջարկել է հիմնել պատմաբանների համատեղ հանձնախումբ եւ զարմանք էր արտահատել, որ հայերը չեն ընդունում այդ առաջարկը», - նշել էր դեսպան Սենսոյը:

Մայիսի 31-ին տպագրվեց «Նյու Յորք Թայմս» թերթի խմբագրին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանի նամակը: «Չնայած Թուրքիայի դեսպանը պնդում է պատմաբանների հանձնախումբ ստեղծելու կարեւորությունը, նրա երկրի կառավարությունը պատմությունը դարձնում է Հայաստանի հետ հարաբերությունները բնական հունի մեջ դնելու նախապայման», - գրում է Թաթուլ Մարգարյանը:

«Նախ հարկավոր է, որ Թուրքիան ընդունի իր իսկ պատմությունը, հրաժարվի իր հարուցած բոլոր արգելքներից եւ 1915 թվականի իրադարձություններին անդրադառնալու համարձակություն ունեցող թուրք հեղինակներին հալածելու քաղաքականությունից: Դրանից հետո միայն թուրք պատմաբանները ի վիճակի կլինեն ուսումնասիրել պատմական հարուստ փաստերը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործների նկատմամբ 1919 թվականին մահվան դատավճիռներ կայացրած Թուրքիայի ռազմական դատարանի որոշումը», - շարունակում է դեսպան Մարգարյանը:

«Թուրքիայի կառավարության մերժողական քաղաքականությունն է ստիպում, որ ավելի ու ավելի մեծ թվով պետություններ ցուցաբերեն միջամտություն եւ խնդրի շուրջ արտահայտեն իրեն դիրքորոշումը», - գրում է դեսպանը եւ ավելացնում. - «Պատմության եւ իրավական հարցերով փորձագետները, այդ թվում՝ «ցեղասպանություն» տերմինն առաջինը կիրառության մեջ դրած Ռաֆայել Լեմկինը եւ Ցեղասպանության հարցերով պատմաբանների միջազգային ընկերակցությունը վաղուց են ընդունել, որ 1915 թվականի իրադարձությունները բոլոր առումներով են համապատասխանում Ցեղասպանությունները կանխելու եւ պատժելու՝ 1948 թվականին ընդունված միջազգային համաձայնագրի բնորոշմանը»:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG