Մատչելիության հղումներ

«Հեռուստաընկերություններն այսօր զբաղված են պետական քարոզչությամբ»


Ապրիլի 2 -ին լրանում է «Ա1+»-ի եթերազրկման 4-րդ տարին:
Անցած 4 տարիների ընթացքում, հեռուստաընկերությունը եթեր վերադարձնելունն ուղղված հանրահավաքները, ցույցերը, երթերը, ստորագրահավաքներն ու տարբեր այլ ակցիները որեւէ արդյունք չտվեցին:

Ավելին, մի շարք հեռուստաընկերություններ, համատեղ հայատարարությամբ հանդես եկան, որ «Ա1+»-ը եթերից դուրս է մնացել ազատ մրցապայքարի արդյունքում, եւ, որ Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված չէ:

«Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանի փոխանցմամբ, «այդ հայտարարությամբ հեռուստաընկերությունները իրենց դատավճիռը ստորագրեցին, ինչի հետեւանքներն այսօր ակնհայտ են բոլորին: Այսօր ունենք լուրջ ղեկավարվող մամուլ, որը ծառայում է կամ մեկ անձի, կամ տարբեր օլիգարխներին եւ նրանց գաղափարախոսությանը»: :

Մեսրոպ Մովսեսյանի խոսքերով. «Մենք ունեինք մի կարգախոս. «Նայեք մեզ՝ ճանաչեք ձեզ»:Երեւի, պատճառը դա էր, որ մեր իշխանավորները, իշխանիկները որոշեցին անհայտ մնալ եւ անել այն ամենը, ինչ իրենց պետք է: Կարելի է հստակ ասել, որ դա եղել է քաղաքական որոշում՝ հօգուտ «ազատ եւ անկախ» իշխանիկների»:

Նրա կարծիքով, «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապան»-ի օրինակը աչքի առաջ ունենալով, հեռուստադաշտում գտնվող մյուս ընկերությունները հասկացան, որ եթե չենթարկվեն, ապա կարժանանան նույն բախտին: «Եվ դա աշխատեց ու աշխատում է մինչեւ այսօր էլ» :

Հայաստանում մամուլի անազատությունը , «Նոյյան Տապան» գործակալության վերալուծաբան Դավիթ Պետրոսյանը բացատրում է նաեւ լրատվամիջոցների ֆինանսական կախվածությամբ՝ « Ով վճարում է, նա էլ պատվիրում է» սկզբունքով:

Նրա համոզմամբ, հեռուստաընկերություններն այսօր վերածվել են ընդամենը քարոզչամիջոցների, եթերում միայն պաշտոնյաներն են երեւում, եւ այս կամ այն խնդրի շուրջ հասարակական կամ փորձագիտական կարծիք ընդհանրապես չի ներկայացվում:

Ի դեպ, վերադառնալով «Ա1+»-ի խնդրին, Մեսրոպ Մովսեսյանն ասաց, թե Եվրոդատարանում իրենց հայցի քննությունը դեռ շարունակվում է, դրան մասնակցում է 12 դատավոր: Նրանք դեռ ծանոթանում են մոտ 4 հատորից բաղկացած գործին, եւ դրա հետ կապված տարբեր հարցադրումներ են անում: Այդ գործընթացը շարունակվում է նոյեմբերից, եւ Մեսրոպ Մովսեսյանը հույս ունի, որ առաջիկայում իրենց հայցադիմումը Եվրոդատարանը վարույթ կընդունի : Ամեն դեպքում, նրա կարծիքով, եթե մինչեւ հիմա գործն ուսումնասիրում են, ուրեմն որոշակի հետաքրքրվածություն կա :

Բայց եթե նույնիսկ Եվրոդատարանը բավարարի «Ա1+»-ի հայցն ընդդեմ Հայաստանի կառավարության, դա չի նշանակում, որ հեռուստաընկերությունը եթեր է վերադառնալու, պարզապես, Մեսրոպ Մովսեսյանի փոխանցմամբ, Հայաստանի իշխանությունները մի օր կզգան, որ իրենք կարող են պատժվել, իսկ լրատվական դաշտի ներկայացուցիչներն էլ կգիտակցեն, որ այդքան էլ անպաշտպան չեն:

Իսկ ինչ վերաբերում է երբեւէ «Ա1+»-ի եթեր վերադառնալու խնդրին, ապա Մեսրոպ Մովսեսյանը հույս ունի, որ դա մի օր տեղի է ունենալու. «Ես հստակ գիտեմ, որ կվերադառնանք եթեր, բայց այսօրվա գերխնդիրը դա չէ, այլ հանել ճնշումը, հանել ղեկավարող ձեռքի միջնորդությունը մամուլի աշխատանքից»:

Րաֆֆի Հովհաննիսյանի Քաղաքացիական ազգային նախաձեռնության կողմից կազմակերպված սեմինարին, որը նվիրված էր «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապան»-ի եթերազրկմանն ու դրա հետեւանքներին, հրավիրվել էին նաեւ մի քանի տասնյակ իրավապաշտպան եւ հասարակական կազմակերպությունների նեկայացուցիչներ, լրագրողներ, այդ թվում նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավար րիգոր Ամալյանը, որը, ինչպես նաեւ հրավիրվածների կեսից ավելին քննարկմանը ներկա չէր:

Մի քանի լրագրողներից ու կազմակերպությունների ղեկավարներից բացի, քննարկմանը մասնակցում էր առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Նա առաջիկա օրերին պատրաստվում է հրապարակել իր տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձ կա նաեւ Հայաստանում խոսքի ազատության վիճակին:

Տիկին Ալավերդյանը փոխանցեց, որ ըստ այդ զեկույցի, խոսքի ազատությունը, Հայաստանում հետընթաց է արձանագրել:
Զեկույցում նախկին պաշտպանն անդրադարձել է խոսքի ազատության իրավունքի ոտնահարաման 19 դեպքի:

Մարդու իրավունքների առաջին պաշտպանի համոզմամբ, այսօր հեռուստաընկերությունները ոչ թե հասարակությանն իրազեկելու գործառույթ են իրականացնում, այլ պետական քարոզչությամբ են զբաղված:

Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG