Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ»-ի կայքէջի ընթերցողների հարցերին պատասխաններում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մասնավորապես նշում է. - «Եթե Ադրբեջանը պաշտոնապես արդեն հայտարարում է, որ ավելի լավ տարբերակի է սպասում, այսինքն` բանակցություններում իր ուզածը չստանալով` չի ուզում գնալ կոմպրոմիսների, այլ ռազմականորեն իր ուզածին կհասնի, ես կարծում եմ` նույնիսկ սխալ կլինի, որ Հայաստանն ուղղակի ձեռքերը ծալած նստի: Ադրբեջանը պետք է հասկանա` երբ Հայաստանը համոզվի, որ Ադրբեջանը նման եզրակացության է հանգել, Հայաստանը նույնպես քայլեր ունի անելիք, որոնք Ադրբեջանի համար կարող են բացասական հետեւանքներ ունենալ` Ղարաբաղի ճանաչումից մինչեւ ինքնապաշտպանության մի այնպիսի նոր դոկտրինա, որի դեպքում Ադրբեջանը պետք է անընդհատ պաշտպանվողի դիրքերում լինի»: Օսկանյանը ձեւակերպում է. - «Այսօր բանակցությունները մի այնպիսի կետում են, ուր վճռորոշ է լինելու Ադրբեջանի դիրքորոշումը այն առումով, որ մենք կարող ենք արդեն կողմնորոշվել` նրանք պատրա՞ստ են կոմպրոմիսի գնալ, թե չէ: Եթե այն մի հարցում, որը հենց Ռամբուեի բանակցությունների օրակարգում էր, Ադրբեջանը մնա անզիջում, դա նշանակում է, որ Ադրբեջանը մնում է իր մաքսիմալիստական դիրքերի վրա, որը չի հանգեցնի հարցի լուծմանը: Ուստի հիմնական չափանիշն այսօր Ադրբեջանից է կախված»:

«Պետք չէ Թուրքիան ներկայացնել որպես հրեշ, որից պաշտպանվելու համար Հայաստանը պետք է անընդհատ ինչ-որ ռազմական գերտերության փեշի տակ մտնի։ Սովորե՛նք ինքնուրույն պաշտպանվել՝ սա է «Դաշինք»-ի դիրքորոշումը»,- «Հայոց Աշխարհ»-ում հայտարարում է «Դաշինք» կուսակցության նախագահ, Լեռնային Ղարաբաղի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Անդրադառնալով ներքաղաքական իրողություններին՝ նա նշում է. - «Մենք հույս ունենք լրացնել այն բացը, որ առկա է Հայաստանի քաղաքական դաշտում։ Այլ կերպ ասած՝ մենք գործող քաղաքական ուժերից ձայն փախցնող ենք։ Նրանք սա հասկանում են, եւ, բնականաբար, այդ հեռանկարը մեր քաղաքական մրցակիցներին առանձնապես չի ոգեւորում»։

«Արտաշես Թումանյանի պաշտոնանկությունից երեք շաբաթ անց, մենք այցելեցինք «Նոր երկիր» կուսակցության գրասենյակը եւ, դատելով այն կուսական լռությունից ու ելումուտի իսպառ բացակայությունից, որ տիրում էր բավականին կոկիկ գրասենյակում, հասկացանք, որ Թումանյանի հրաժարականը լուրջ վտանգի տակ է դրել դեռեւս կիսաստեղծված կուսակցության հետագա ճակատագիրը», - տպավորություն է կիսում է «Հայկական ժամանակ»-ը։ Տեղեկացնելով, որ կուսակցությունում մտածում են վերանայել առաջին համագումարը Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում անցկացնելու նպատակահարմարությունը, ինչի պաշտոնական պարզաբանումը չջեռուցվող դահլիճն է՝ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը նկատում է. - «Իրականում հասկանալի է, որ պատճառը Արտաշես Թումանյանի հրաժարականն է, որից հետո «Նոր երկիր» կուսակցության նախաձեռնող խմբի համար շատ դժվար, եթե չասենք՝ անհնարին է լինելու լցնել 2000 տեղանոց դահլիճը։ Ուստի, մնում է ամենաանշառ տարբերակը՝ կառավարության նիստերի դահլիճը, որտեղ ցանկացած «ճ» կլասի կուսակցություն կարող է մեկանգամյա անշլագ ապահովել, ուր մնաց թե Արտաշես Թումանյանը չկարողանա»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը «Առավոտ»-ում՝ նկատի ունենալով սահմանադրական հանրաքվեն, հայտարարում է. - «Հայաստանում, կեղծիքներ միշտ էլ եղել են, դրանց մեխանիզմները գնալով կատարելագործվել են, մասշտաբները ընդլայնվում են, բայց այդպիսի համատարած կեղծիք, որին մասնակցեին բոլորը, այդ թվում նաեւ ԿԸՀ-ն, երբեւէ չի եղել: ԿԸՀ-ն շարունակ հայտարարում է, թե ինքը միայն «թվեր հավաքողն» է: Ոչ, ամենեւին այդպես չէ, ԿԸՀ-ն ընտրությունները կազմակերպող, վերահսկող, օրինականությանը հետեւող պետական մարմին է, որն այդ դեպքում իր ֆունկցիաները չի կատարել եւ, փաստորեն, անգործության է մատնվել, ու դրա համար էլ պետք է պատասխանատվություն կրի»: Անդրադառնալով Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու գործընթացին՝ Խաչատրյանը բացահայտում է. - «Եթե ես ձեզ հիմա ցույց տամ թիվ 11/20 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի չլրացված, բայց ստորագրված արձանագրության ձեւաթուղթը, դուք ի՞նչ, մտածելու եք, թե Ընտրական օրենսգի՞րքն է նման բաներ թույլ տվել... Օրենքը իշխանությունների ձեռքին դարձել է խաղալիք, ոնց ուզում են` խախտում են: Մեղք ունի իշխանությունը, որը գոնե մեկ անգամ պիտի ասի՝ կանգնենք: Սահմանը չի կարելի անցնել, սա ռուբիկոնն է»:

ճշմարտության չափանիշերի փնտրտուքում «Առավոտ»-ի խմբագիրն արձանագրում է. - «Քանի որ շուրջ 11 տարի է՝ Հայաստանում ընտրություններ չեն անցկացվում, վստահաբար ասել, որ հենց ա՛յս գործիչը կամ հենց ա՛յս խումբն է արտահայտում մեր ազգային շահերը՝ հնարավոր չէ... Քաղաքական գործիչների, իմաստունների, աքսակալների, հրապարակախոսների տեսակետներն այս խնդրի շուրջ թեեւ մեծագույն հարգանքի են արժանի, բայց «պաշտոնապես» չեն կարող համարվել մեծամասնության տեսակետ եւ, հետեւաբար, ազգային շահերի արտահայտություն, - բխեցնում է խմբագիրը՝ մասնավորեցնելով. - «Երբ ենթադրենք, ասվում է, որ Քոչարյանը Ղարաբաղի հարցում երբեք չի գնա որեւէ լուծման, որը հակասում է ազգային շահերին, այդ նախադասությունը իմաստային առումով դատարկ է... Հետեւաբար, նորմալ ընտրություններ անցկացնելը ոչ թե Արեւմուտքի քմահաճույքն է, այլ անհրաժեշտ գործիք՝ տվյալ պետության հետագա ճակատագիրը որոշելու համար»:

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ մարզիկների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ շուտով ՀՀ ըմբշամարտի հավաքականները համալրվելու են ռուսաստանցի ութ ըմբիշներով. նրանց թվում կան աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: - «Նախնական պայմանավորվածությամբ ռուս ըմբիշներից յուրաքանչյուրը 2008-ի օլիմպիական խաղերում չեմպիոն դառնալու դեպքում ՀԱՕԿ-ի կողմից կպարգեւատրվի 500 հազար դոլարով, իսկ հայաստանցիները` 700 հազար դոլարով: Ծառուկյանը ասել է նաեւ, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում մեր հավաքականները համալրվելու են եւս 3-4 արտասահմանցի մարզիկներով: Հասկանալի է, որ այս որոշումը ՀԱՕԿ-ի ղեկավարը կայացնում է 2008-ի օլիմպիադայում մեդալ նվաճելու մասին խոստումը կատարելու համար, բայց առաջին հայացքից այսօրինակ քայլերի նպատակահարմարությունը` հատկապես հայկական սպորտի զարգացման իմաստով, կասկածելի է»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG