Մատչելիության հղումներ

Ադրբեջանում թռչնագրիպ է հայտնաբերվել


Ադրբեջանի առողջապահության նախարարությունը այսօր հայտարարել է, որ բրիտանական Ուեյբրիջի լաբորատորիան Ադրբեջանի ծովափնյա շրջաններից բերված թռչունների մոտ հայտնաբերել է թռչնագրիպի H5N1մահացու վիրուսը:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի մասնավոր հեռուստաընկերությունները բանկչությանը հորդորում են խուսափել կերակուրի մեջ թռչնի միս օգտագործելուց, իսկ Ադրբեջանի առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարությունները՝ խուսափել թռչունների հետ շփումներից եւ մեկուսացնել ընտանի կենդանիներին վայրի եւ չվող թռչուններից:

«Մարդու մոտ թռչնագրիպի վիրուսի վարակի դեպք չի արձանագրվել, եւ բժիշկները անցկացնում են անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները», - ասված է Ադրբեջանի առողջապահության եւ գյուղտնտեսության նախարարությունների համատեղ հայտարարության մեջ:

Ադրբեջանում թռչունների զանգվածային անկման առաջին դեպքը գրանցվել էր անցած աշնանը Թուրքիայի հետ սահմանակից Նախիջեւանում, այնուհետեւ դեկտեմբերին եւ այս տարվա հունվարին՝ Ադրբեջանի Խաչմազի շրջանում եւ Դիվիչի նավահանգստի տարածքում:

Տեղի բնակիչները ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը հայտնել են, որ դեպքերը դիտվել են վերջին 3-4 օրերին: Բնակիչները նշել էին, որ թռչունների մոտ հայտնաբերվել է «թռչնագրիպին նման ախտանշաններ»:

Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության պետական անասնաբուժական ծառայության մամլո քարտուղար Յոլչու Խանվելին ANS-ի հետ զրույցում հաստատել էր նշված շրջանում թռչունների անկման լուրը, սակայն հերքել էր, թե անկումը կրել է զանգվածային բնույթ:

Նա նաեւ նշել էր, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ թռչունների անկման պատճառը ինֆեկցիոն հիվանդություններն են: Ըստ Խանվելիի, մի քանի օր առաջ չվող թռչունների անկման դեպքեր են արձանագրվել նաեւ ափամերձ այլ շրջաններում, սակայն պարզվել է, որ թռչունները սատկել են ինֆեկցիոն հիվանդություններից, ցրտից եւ սովից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG