Մատչելիության հղումներ

Արման Մելիքյան. «Ակնկալիքների մասին խոսելն ավելորդ է»


Փետրվարի 1-ին երկօրյա այցով տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այցին հաջորդելու է փետրվարի 10-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ Ռամբույեում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

«Որքան գիտեմ, [ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ] Մերզլյակովը ասել է, որ դեռեւս չգիտեն՝ գնա՞լ Ստեփանակերտ, թե՞ ոչ: Պիտի արդյունքներ լինեն, այդ արդյունքները մենք տեսնենք եւ գնահատական տանք: Համանախագահների այցից եւ նախագահների հանդիպումից ակնկալիքների մասին խոսելն ավելորդ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Արման Մելիքյանը:

Լեռնային Ղարաբաղում դիտարկումներ իրականացրած ԵԱՀԿ բարձր պլանավորման խումբը, Մելիքյանի հավաստմամբ, մի քանի օրվա աշխատանքը առաջարկներով չի ամփոփի: Առաջարկությունները պայմանավորված են ձեռք բերված համաձայնություններով. - «Խումբը խնդիր չունի առաջարկներ ներկայացնել, նրանք եկել էին տեղում իրավիճակը ճշտելու: Դրանք մասնագիտական խնդիրներ են՝ բացառապես ռազմական բնույթի», - ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարարը:

«Եթե չեմ սխալվում, 1996 թվականին խումբը մի քանի ծրագրեր էր ներկայացրել կողմերին, սակայն քաղաքական համաձայնության բացակայության պատճառով դրանք մնացել էին թղթի վրա: Այսինքն՝ իրականում սա տեխնիկական առաքելություն է, որն առանց քաղաքական համաձայնության որեւէ արդյունք ունենալ չի կարող», - եզրափակեց Արման Մելիքյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG