Մատչելիության հղումներ

Մեհմեթ Ալի Աղջան ազատ է արձակվել


Այսօր բանտից ազատ է արձակվել Մեհմեթ Ալի Աղջան՝ անցած դարի ամենաաղմկալի մահափորձերից մեկի նախաձեռնողը: 1981 թվականի մայիսի 13-ին Աղջան Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում մոտ տարածությունից կրակ էր բացել Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հովհաննես Պողոս Երկրորդի վրա:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, ազատ արձակվելուց անմիջապես հետո 48-ամյա Աղջային ձեռնաշղթաներով տեղափոխել են զինկոմիսարիատ, քանզի նա ժամանակին խուսափել էր պարտադիր զինծառայությունից:

Մահափորձից 5 օր անց Հռոմի Պապը՝ դեռ գամված հիվանդանոցի մահճակալին, ասել էր, որ ներում է հանցագործին: 1983 թվականին Պապը Ռեբիջիայի բանտում այցելել էր Աղջային եւ եւս մեկ անգամ ասել, որ ներում է նրան: Աղջան, իր հերթին, բազմիցս ասել է, որ զղջում է այդ մահափորձի համար եւ երջանիկ է, որ կաթոլիկ հովվապետը ողջ է մնացել:

Աղջան մոտ 20 տարի պահվել է իտալական բանտում: 2000 թվականին նրան փոխադրել են թուրքական բանտ, որտեղ նա շարունակել է պատիժ կրել ավելի վաղ կատարած հանցագործության համար. 1979 թվականին Աղջան սպանել էր թուրք անվանի լրագրող Աբդիլ Իփեկչիին: Այն ժամանակ նա ձերբակալվել էր եւ դատապարտվել ցմահ ազատազրկման, սակայն 6 ամիս անց կարողացել էր փախուստի դիմել եւ վերստին ձերբակալվել էր արդեն իտալացիների կողմից՝ Հռոմի Պապին սպանելու փորձից հետո:

«Ասոշիեյթեդ Փրես»-ի փոխանցմամբ, ցմահ ազատազրկման նվազագույն ժամկետը Թուրքիայում 36 տարի է, դրանից հետո բանտարկյալը տեսականորեն կարող է ներում ստանալ: Աղջայի ցմահ ազատազրկման մինիմում ժամկետը 10-ը տարով նվազեցրել են, այսպիսով, շուրջ 25 տարի բանտում գտնվելուց հետո նա ստացել է ազատ արձակվելու հնարավորություն:

Փաստաբան Մուսթաֆա Դեմիրբաղն ասել է, թե «Աղջան ցանկանում է ծառայել խաղաղության գործին»:

Սպանված լրագրող Աբդիլ Իփեքչիի ընտանիքը բնավ գոհ չէ Աղջային ազատ արձակելու որոշումից. - «Աղջան պարզապես իմ հոր մարդասպանը չէ, նա համազգային մարդասպան է, նրա պատճառով է աշխարհն իրար կապում «թուրք» եւ «մարդասպան» հասկացությունները», - «Միլիեթ» թերթում գրել է լրագրողի դուստր Նուխեթ Իփեքչին, որի նամակն ունի այսպիսի վերջաբան. - «Մենք պետք է ամեն ինչ անենք՝ ձերբազատվելու համար այն իմիջից, թե թուրքն ի զորու է հեշտ ու հանգիստ աջ ու ձախ սպանել, մենք պարտավոր ենք ապացուցել հակառակը, այն, որ թուրքերը հարգում են ապրելու իրավունքը, մարդու իրավունքները»:

Թուրքիայի կառավարությունը, մինչդեռ, հայտարարել է, որ բողոքարկելու է Աղջայի ազատ արձակումը: Արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեկը կարծիք է հայտնել, թե «Աղջայի ազատ արձակումը դեռ չի նշանակում, որ նրան չեն կարող ներկայացվել նույն մեղադրանքները»:



Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG