Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը ծավալուն հարցազրույց է տպագրել գործարար եւ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ: «Պարոն Ծառուկյան, որքանո՞վ են հիմնավոր ձեր կողմից կուսակցություն ստեղծելու մասին լուրերը», - հարցնում է թղթակիցը: Գործարարը պատասխանում է. - «Դրանք լուրեր չեն. կուսակցությունը կա, մեկ տարուց ավելի է գործում է, եւ այդ կուսակցության անվանումն է «Բարգավաճ Հայաստան»: Առաջիկայում կուսակցությունը կհամալրվի նոր եւ կարող ուժերով եւ իր հստակ ասելիքով կներկայանա ժողովրդին... Ես տեսնում եմ այսօր որոշակի չլուծված խնդիրներ թե՛ սոցիալ-տնտեսական եւ թե՛, ինչո՞ւ չէ, նաեւ քաղաքական դաշտում եւ կարծում եմ, որ մեր կուսակցությունը, որը լինելու է ամուր եւ մաքուր մարդկանց կուսակցություն, ի վիճակի է լինելու, իր չափով, լուծելու այդ խնդիրները... Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա ես լիարժեք աշխատանք տարել եմ Աբովյանում, հանդիպել եմ ուսանողների, ուսուցիչների, համատիրությունների ներկայացուցիչների, բոլոր խավերի հետ, բացատրել այդ փոփոխությունների անհրաժեշտությունը: Մարդիկ ինձ վստահել են, հավատացել ու Աբովյանում քվեարկել են կողմ»:

Անդրադառնալով հանրավքեին՝ «Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. - «Դատախազությունը, մասնավորապես, լրագրողներից է պահանջում՝ «ապացուցեք, որ կեղծիքներ են եղել»: Չնայած ցանկության դեպքում ինքը՝ դատախազությունը, կարող է դա անել 2 օրում: Կարելի է ցանկացած տեղամասային հանձնաժողովում վերցնել այն թղթերը, որտեղ տեղամասային հանձնաժողովի անդամները թվեր են նկարել եւ ստուգել՝ այն մարդիկ, որոնք նշված են այդ թղթերում, իրոք գոյություն ունե՞ն, եւ եթե ունեն՝ արդյոք մասնակցե՞լ են հանրաքվեին: Բայց մեր իրավապահները՝ հանցագործությունը բացահայտելու փոխարեն, փորձում են կոծկել. կանչում են այն դիտորդներին, որոնք համարձակվել են բողոքել կեղծիքներից, եւ խոստանում նրանց «հերն անիծել»: Որից հետո դիտորդների մի մասը հրաժարվում է իր բողոքներից»:

«Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանը «Հայոց աշխարհ»-ում այսօր կարծիք է հայտնում. - «Ես նույնիսկ երբեմն մտածում եմ, որ արտաքին աշխարհը ողջ հայության մեջ չի կարողանում գտնել մեկին, որ ցանկացած գնով պատրաստ է Հայաստանում իրագործել գունավոր հեղափոխություն։ Չկա այդպիսին ո՛չ իշխանական, ո՛չ էլ ընդդիմադիր ճամբարում»։ Թղթակիցը հարց է տալիս. - «Իսկ դուք չե՞ք կարծում, որ այս հարցազրույցը այնքան էլ միանշանակ չի ընդունվի ընդդիմության ձեր գործընկերների կողմից»: Հրանտ Խաչատրյանը պատասխանում է. - «Գովեստի նման բան է այն, որ Հայաստանում չկա որեւէ մեկը ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության ճամբարում, որը պատրաստ կլիներ բացասական իմաստով ցանկացած գին վճարել մեծ իշխանության եւ մեծ կարողության հասնելու համար։ Սա իսկապես դրական է, երբ ոչ մեկը պատրաստ չէ դառնալ արտաքին որեւէ ուժի բացարձակ կամակատարը»։

«Հրե գունդ» շաբաթաթերթի հիմնադիր խմբագիր Անժելա Հակոբյանը «Ազգ»-ում կանխատեսում է անում. - «Ավարտվում է ոսկե աքաղաղի տարին, սկսվելու է կրակագույն շան բարի եւ ուրախ թագավորությունը... Շատ մարդիկ «կբորբոքվեն» կրակի տարերքից, ուստի չեն բացառվում զանգվածային հասարակական ելույթները, հասարակության եւ իշխանության կոնֆլիկտները... Տարվա առաջին կեսին քաղաքական գործիչների սկզբունքների բախում տեղի կունենա, որը գագաթնակետին կհասնի սեպտեմբեր ամսին: Տարվա մյուս կեսը կլինի համեմատաբար հանգիստ եւ կառուցողական»:

Անժելա Հակոբյանը ոչինչ չի ասում այն մասին, թե արդյոք 2006 թվականին Հայաստանում իշխանափոխություն կլինի: Սակայն մեջբերենք «Ձի» կենդանակերպին վերաբերող կանխագուշակումը (այս կենդանակերպի տարում է ծնվել Հայաստանի նախագահը). - «Հաջող տարի է նրանց սպասվում են վաստակած փառք, հաջողություն, հասարակական ճանաչում: Հակված կլինեն համագործակցության, ինչի շնորհիվ էլ կամրապնդեն իրենց նյութական եւ ծառայողական դիրքը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG