Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը ներկայացնում է ԱՄՆ-ում ապօրինի միգրացիայի դեմ պայքարի ծրագիր


Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը շաբաթասկզբի երկու օրերը օգտագործել է Տեխաս նահանգի երկու քաղաքաներում անօրինական ներգաղթողների վերաբերյալ իր ծրագիրը հրապարակելու նպատակով, որով խստացվելու է սահմանային հսկողությունը Մեքսիկայի հետ հատման վայրերում, քանի որ միայն այցյալ տարի 1 միլիոն 100 հազար մարդ է ձերբակալվել սահմանը հատելու պահին: Ներկայումս Միացյալ Նահանգներում բնակվում է երկիր անօրինական ճանապարհով մուտք գործած շուրջ 11 միլիոն մարդ:

«Ամերիկայի ժողովուրդը պետք է տարբերակում դնի այլոց այստեղ ընդունելու եւ օրինապահ երկիր լինելու միջեւ: Այդ երկուսի համադրումն անհնար է», - Դեւիս Մոնթանի ռազմաօդային հենակետում հայտարարեց ԱՄՆ-ի նախագահը՝ ավելացնելուվ, թե հրահանգել է նոր կալանատների կառուցում եւ արտոնել է երկրից անօրինական փախստականների ավելի արդյունավետ արտաքսումը:

Մյուս կողմից, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը կրկին ներկայացրել է այն ծրագիրը, ըստ որի նախատեսվում են արտոնություններ նրանց համար, ովքեր արդեն իսկ Միացյալ Նահանգներում են:

«Խոսքը ժամանակավոր աշխատավորների մասին է. կան աշխատանքներ, որոնք ամերիկացիները հրաժարվում են կատարել, եւ կա դրսից աշխատուժ ներգրավելու եւ բացը լրացնելու անհրաժեշտություն», - նշել է Ջորջ Բուշը եւ ավելացրել. - «Սակայն հանուն արդարության եւ մեր երկրի սահմանների անվտանգության, չեմ ստորագրելու ներգաղթի մասին որեւէ օրենք, որը ներում կշնորհի անօրինական գաղթականներին»:

Ծրագրով առանց փաստաթղթերի ներգաղթածները կստանան Միացյալ Նահանգներում 3 տարվա աշխատանքային վիզաներ, որոնք հնարավոր կլինի երկարաձգել եւս 3 տարով, սակայն հետո պարտավոր են լինելու հեռանալ ԱՄՆ-ից:

Ներգաղթի օրենքները փոփոխելու փորձերը նախագահ Բուշը սկսել է դեռ մի քանի տարի առաջ, սակայն այս ընթացքում ԱՄՆ-ի Կոնգրեսում գնալով նվազում է այս հարցում նրան աջակցողների թիվը:

Սահմանային հսկողությունը խստացնելու պահանջը եւ Միացյալ Նահանգներում արդես իսկ գտնվող փախստականներին իրավունքներ շնորհելու հարցերը եկող տարվա սկզբին ներկայացվելու են ԱՄՆ-ի Սենատի քննարկմանը:

Ջորջթաունի համալսարանի կառավարման հարցերով պրոֆեսոր Սթիվեն Ուայնի խոսքերով, այս խնդիրը կարող է վերածվել ճգնաժամի: Միացյալ Նահանգների օրենսդիրների եւ քաղաքագետների մի մասն էլ գտնում է, որ դրա հետեւանքով Ջորջ Բուշի առանց այդ էլ ցածր վարկանիշը կարող է էլ ավելի նվազել:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG