Մատչելիության հղումներ

«Եվրոնյուս»-ը հեռարձակել է Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույց


Ֆրանսիայից հեռարձակվող «Եվրոնյուս» հեռուստակայանը երեկ բացառիկ հարցազրույց է հեռարձակել Հայաստանի նախագահի հետ:

«Հայաստանի համար այժմ ավելի իրատեսականը Եվրամիության հետ նոր հարեւանություն ծրագրի շրջանակներում համագործակցելն է», - ի պատասխան Եվրամիությանը միանալու՝ Հայաստանի մտադրությանը վերաբերող հարցին, ասել է Ռոբերտ Քոչարյանը: - «Իսկ թե որտեղ պետք է լինի Հայաստանը ապագայում՝ քաղաքական գործիչների ապագա սերունդները թող որոշեն»:

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, Հայաստանի նախագահը փաստել է, որ «Ռուսաստանը տարածաշրջանի ամենահզոր տերությունն է ե’ւ տնտեսական, ե’ւ ռազմական առումով: Բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն խանգարում հարաբերություններ ունենալ այլ երկրների հետ՝ հատկապես Միացյալ Նահանգների, Եվրամիության եւ Իրանի»:


Անդրադառնալով Ղարաբաղի հակամարտությանը, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ղարաբաղցիները Խորհրդային Միության փլուզման ժամանակ «իրականացրել են ազգային ինքնորոշման իրենց իրավունքը եւ դա արել են օրինական եւ դեմոկրատական ձեւով»:

«Կարծում եմ, հիմա պետք է ավելի շուտ մտածել այն մասին, թե ինչպես կարելի է հնարավորություն տալ Ղարաբաղի ժողովրդին ինտեգրվելու միջազգային հանրությանը», - ավելացրել է Հայաստանի նախագահը:

Մեկնաբանելով Թուրքիայի մետ բանակցություններ սկսելու՝ Եվրամիության մտադրությանը, Ռոբերտ Քոչարյանը որպես դրական պահ նշել է այն, որ Թուրքիայից պահանջվում է լուրջ բարեփոխումներ իրականացնել. - «Բայց կա նաեւ բացասական պահ՝ առաջին անգամ Եվրամիությունը բանակցություններ է սկսում մի երկրի հետ, որը փակ է հարեւանի առջեւ եւ հրաժարվում է ճանաչել իր պատմության մութ էջերը»:

«Առանց ապաշխարելու ունակության շատ դժվար կլինի արդի Եվրոպայի կերտումը: Կարող ենք միայն ափսոսանք հայտնել, որ Եվրախորհրդարանի բանաձեւը պարտադիր չէ Եվրահանձնաժողովի համար», - եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG