Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտին. «Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները դարձել են տարածաշրջանում կայունության եւ անվտանգության կարեւորագույն գործոնը»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

«Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների բազմադարյա ավանդույթները, մեր երկրների շահերի համընկնումը կամ մոտ լինելը ամուր հիմք են ստեղծում երկկողմ փոխգործակցության համար: Ուրախալի է, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները դարձել են տարածաշրջանում կայունության եւ անվտանգության կարեւորագույն գործոնը», - ըստ «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության, ասված է Ռուսաստանի նախագահի ուղերձում:

«Համոզված եմ, որ 2005 թվականին Հայաստանում Ռուսաստանի տարվա հաջող անցկացումը եւ 2006 թվականին նախատեսվող Հայաստանի տարվա անցկացումը Ռուսաստանում կծառայեն ռուս-հայկական փոխշահավետ համագործակցության խորացմանը», - շեշտել է Վլադիմիր Պուտինը:

«Ասոշիեյթեդ Փրես»-ը այս կապակցությամբ նշում է, թե մինչ նախկին խորհրդային հանրապետություններից շատերը ձգտում են արագացնել ինտեգրումը արեւմտյան կառույցներին, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ռուսաստանին: Մանավորապես, Հայաստանում է տեղակայված ռուսաստանյան ռազմակայանը, որի նշանակությունը Մոսկվայի համար է'լ ավելի է աճել այն բանից հետո, երբ հարեւան Վրաստանի տարածքից սկսեցին դուրս բերվել ռուսաստանյան ռազմակայանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG