Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Արձագանքելով պաշտպանության նախարարի վերջին ելույթին հեղափոխությունների, հեղաշրջումների ծիրում՝ «Առավոտ»-ի խմբագրականը շարադրում է. - «Հայաստանի նորագույն պատմության մեջ եղել է մեկ հեղափոխություն, որն ամրագրվել է 90 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Մեր երկրում տեղի են ունեցել նաեւ հեղաշրջումներ: Առաջին խոշոր հեղաշրջումը 98-ի սկզբին էր, երբ երկու ամենաազդեցիկ նախարարները (այդ թվում` Սերժ Սարգսյանը) եւ վարչապետը դավադրություն էին կազմակերպել իրենց նշանակած նախագահի դեմ եւ ստիպել էին նրան հրաժարական տալ: Երկրորդ խոշոր հեղաշրջումը 99-ի հոկտեմբերի 27-ն էր, երբ գնդակահարվել էին երկրի փաստացի ղեկավարները՝ վարչապետն ու ԱԺ նախագահը: Բացի դրանից», - շարունակում է «Առավոտ»-ը, - «95-ից սկսած մեր երկրում կատարվել են «մինի-հեղաշրջումներ», երբ ժողովուրդն իր կամքն արտահայտել է մի ձեւով, իսկ ընտրություններում արձանագրվել են միանգամայն այլ արդյունքներ: Այս բոլոր «մինի-հեղաշրջումներին» պաշտպանության ներկայիս նախարարը նույնպես մասնակցել է ակտիվության այս կամ այն չափով», - ի մի է բերված թերթում:

«Հայոց աշխարհ»-ի վերլուծաբանի հայացքով, ակնհայտ է, որ «Հայաստան - Ադրբեջան հարթության վրա ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված լուրջ տեղաշարժերի ակնկալիք գոյություն չունի, քանի որ ներքաղաքական սուր պայքարի մեջ թեւակոխած Ադրբեջանի ղեկավարության ձեռքերը արդեն լիովին կաշկանդվել են»: «Ավելին», - խորացնում է մեկնաբանը, - «Ադրբեջանում ծավալվող ներքաղաքական պայքարում Ղարաբաղի հարցը նպատակից վերածվել է միջոցի, առաջին հերթին օգտագործվում է հենց իշխանությունների կողմից... Ուրեմն Ադրբեջանում սպասվող ներքաղաքական լուրջ կատակլիզմները խոստանում են խիստ թուլացնել այդ երկրի դիրքերը՝ տարեվերջի վճռորոշ բանակցություններում», - եզրակացում է «Հայոց աշխարհ»-ը:

«Մենք քաղաքական խնդիրներ չենք բարձացնում, այդ թվում՝ Ջավախքին որոշակի ինքնավարություն տալը, որպես հատուկ համայնք իրավական կարգավիճակի հստակեցումը: Այդ դեպքում, համոզված եմ, որոշակի դժվարություններ կառաջանան», - ամփոփելով Վրաստան կատարած այցելությունը՝ «Հայոց աշխարհ» եւ «Հայաստանի Հանրապետություն» թերթերի մատուցմամբ, ասել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


«Արեւմուտքը, մասնավորապես Միացյալ Նահանգները Վրաստանի միջոցով վերջին ամիներին տանում է Ռուսաստանին եւ Հայաստանին վարկաբեկելու կեղտոտ խաղ», - ձեւակերպված է «Ազգ»-ում: - «Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ առաջնայինը Ռուսաստանին Կովկասում վարկաբեկելն է, իսկ Հայաստանին ինչ-որ կերպ վախեցնելը, որպեսզի վերջինս ավելի զգույշ լինի Մոսկվայի հետ ռազմական համագործակցության հարաբերություններում... Վարկաբեկման եւ վախեցման համար ընտրվում է ամերիկացիների համար «սիրելի» ահաբեկչությունը, որի դեմ պայքարի քողի տակ նրանք իրենց ազդեցությունն են հաստատում կամ ամրապնդում այն տարածաշրջաններում, որոնք ավանդաբար եղել են ռուսական ռազմական ազդեցության ոլորտում»:

«Այսօրվա դրությամբ, նշանակովի քաղաքապետն էլ ունի լայն իրավասություններ եւ ցանկության դեպքում կարող է լուծել Երեւանի խնդիրները: Եթե հիմա քաղաքապետը միայն երկրի ղեկավարից է կախված եւ այս կամ այն չափով ինքնուրույն է, ընտրվելու դեպքում դառնալու է շատ ավելի խոցելի: Կամա-ակամա հայտնվելու է թաղապետերի, ավագանիների կամակատարի վիճակում», -«Հայոց աշխարհ»-ում կարծիք է հայտնում ՀՌԱԿ (Հայաստանի ռամկավար ազատական կուսակություն) ատենապետ Հարություն Առաքելյանը:

«Չնայած բջջային կապը Հայաստանում գրեթե մոտ մեկ ամիս է, ինչ կաթվածահար վիճակում է, առայժմ այդ ուղղությամբ որեւէ քայլ չի փորձում ձեռնարկել լիազոր մարմինը՝ ի դեմս տրանսպորտի եւ կապի նախարարության: Ընդ որում՝ այն դեպքում, երբ արդեն իսկ մոտ մեկ շաբաթ է, ինչ ստացվել է նաեւ բջջային կապի երկրորդ օպերատորի դիմում-բողոքը», - տեղեկացնում է «Հայոց աշխարհ»-ը: «ՎիվաՍել»-ը դժգոհում է, որ «ԱրմենՏել»-ի վատ կապը ազդում է իր կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա: «ՎիվաՍել»-ը մտադիր է դիմել տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: «Եթե վերջինս ստանձնի բջջային կապի երկրորդ օպերատորի դիմում-բողոքի քննարկումը, ապա լավագույն դեպքում պիտի բավարարվի «ԱրմենՏել»-ի նկատմամբ ֆինանսական տուգանքներ կիրառելով», - շարունակում է թերթը: - «Չսպասելով որեւէ պատկան մարմնի միջամտության, «ԱրմենՏել»-ը ինքնակամ դիմել է դրան՝ բաժանորդներին տալով բջջային կապի ծառայությունից օգտվելու լրացուցիչ հնարավորություններ: Այս նախաձեռնությունը «ԱրմենՏել»-ի վրա կնստի մոտավորապես 800 հազարից մինչեւ մեկ միլիոն դոլար», - հաշվարկում է «Հայոց աշխարհ»-ը՝ ընդգծելով. - «Որքան էլ «ՎիվաՍել»-ը բողոքում է «ԱրմենՏել»-ի կապի որակից, ակնհայտ է, որ այս իրավիճակը ձեռնտու է նրան: Ինչքան երկար շարունակվի դա, այնքան կավելանա երկրորդ օպերատորի բաժանորդների թիվը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG