Մատչելիության հղումներ

«Հանրապետություն» կուսակցությունը շարունակելու է խորհրդարանական բոյկոտը


Երեքշաբթի օրը «Արդարություն» դաշինքի 9 կուսակցություններից ամենաարմատական՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարել է, որ «չի մասնակցելու սահմանադրական քննարկումներին եւ շարունակելու է խորհրդարանական բոյկոտը»:

«ԵԽԽՎ ճնշման ներքո, հարկադրված, ապօրինի վարչախումբը քաղաքական օրակարգ է ընդգրկել Սահմանադրության բարեփոխման հարցը` կանգնելով անհաղթահարելի ճգնաժամի մեջ հայտնվելու սպառնալիքի առաջ», - ասված է կուսակցության քաղաքական խորհրդի տարածած հայտարարության մեջ:

Պնդելով, թե 2003 թվականին Սահմանադրության փոփոխությունների տապալումից հետո եւս մեկ ձախողումը «անխուսափելիորեն կհանգեցնի հակաժողովրդական իշխանության անփառունակ վախճանին», հայտարարություն հեղինակները գրում են. - «Միանգամայն կանխատեսելի այս հեռանկարից խույս տալու համար իշխանությունը ձգտում է սահմանադրական գործընթացի մեջ ներքաշել ընդդիմությանը եւ միասնականության ու համագործակցության պատրանք ստեղծել»:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը գտնում է, որ «վարչախմբի համար ամենաէականը, ի վերջո, Սահմանադրութան բովանդակությունը չէ, այլ հանրաքվեի «այո»-ն արձանագրելը, իսկ «ոչ»-ի դեպքում` ձախողման կործանարար բեռի տակ միայնակ չմնալը». - «Թե’ մեկը եւ թե’ մյուսը իշխանությունը ձգտում է լուծել ընդդիմության ներգրավման միջոցով»:

«Հանրապետություն» կուսակցությունը հավաստիացնում է, որ «հավատարիմ է իր սկզբունքային դիրքորոշումներին եւ գնահատականներին, չի մասնակցելու սահմանադրական քննարկումներին եւ շարունակելու է խորհրդարանական բոյկոտը:

«Կուսակցությունը «ո՛չ» է ասում բռնության եւ կեղծիքի վրա հիմնված իշխանությունների կողմից իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որով փորձ է արվում ապակողմնորոշել միջազգային հանրությանն ու Հայաստանի ժողովրդին», - ասված է հայտարարությունում: - «Կուսակցությունը լի է վճռականությամբ, ժողովրդի ակտիվ մասնակցությամբ հասնելու երկրում օրինական իշխանությունների ստեղծմանը եւ դեպի իրական ժողովրդավարություն տանող համակարգային բարեփոխումների իրականացմանը»:

«Արդարություն» դաշինքի ղեկավարներից Շավարշ Քոչարյանը, մինչդեռ, երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց. - «Շատ ձեռնտու է իշխանություններին, որպեսզի ընդդիմությունը ոչ թե լինի հաղթող, ոչ թե լինի այն ուժը, որը տանում է Հայաստանը դեպի եվրաինտեգրացում, այլ լինի ընդամենը մի ուժ, որը անընդհատ խոսում է՝ «Ոչ լեգիտիմ է [իշխանությունը]: Վաղը հեղափոխություն կանեմ»: Ինչո՞ւ մինչեւ հիմա չէիք անում... Եթե երկու տարի չես կարողանում որոշել մանդատ դնո՞ւմ ես [վերադարձնում ես], թե՞ չես դնում, ապա ո՞նց ես հեղափոխություն որոշելու: Քանի՞ տարի ես դա մտածելու»:

Այս կապակցությամբ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Սմբատ Այվազյանը ասաց. - «Կասկածելի է, թե ինչու է Շավարշ Քոչարյանը այսպես ակտիվ սահմանադրական բարեփոխումների քննարկման մեջ մտել, եւ փաստորեն անում է այն, ինչ իշխանություններին է պետք»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG