Մատչելիության հղումներ

ԱՄՆ ապօրինի զենք ներկրելու փորձի մեջ մեղադրվող հանցախմբի դատը հետաձգվել է մինչեւ աշուն


Նյու Յորքի դաշնային դատարանում հինգշաբթի օրը սկսվել է Միացյալ Նահանգներ ապօրինի զենք ներկրելու փորձի մեջ մեղադրվող 18 անձանց նկատմամբ դատավարությունը: Մեղադրյալներից հինգը հայեր են:

Հանցախմբի անդամները պնդում են, թե իրենց այդ քայլին են դրդել ԱՄՆ Հետաքննություների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալները՝ խոստանալով փոխարենը նրանց տալ ԱՄՆ քաղաքացիություն:

ԱՄՆ-ում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանության խմբի ղեկավար Արմեն Ջավադյանի խոսքերով, բոլոր մեղադրյալները դատարան են բերվել շղթայակապ՝ ՀԴԲ-ի աշխատակիցների ուժեղ հսկողության ներքո: Դատարանի դահլիճում բոլոր 250 աթոռները զբաղված էին:

«Բավական լարված մթնոլորտ է, դահլիճը լեփ-լեցուն է ՀԴԲ գործակալներով», - ասաց Արմեն Ջավադյանը՝ ավելացնելով, թե դատավարությանը մասնակցելու նպատակով Նյու Յորք են ժամանել նաեւ Լոս Անջելեսի հայկական հեռուստաընկերություններից մեկի աշխատակիցները, հայ համայնքի ներկայացուցիչները եւ մեղադրյալների հարազատները:

Դատը տեւել է ընդամենը 8-10 րոպե եւ հետաձգվել մինչեւ հոկտեմբեր ամիսը, քանի որ պետական մեղադրողներները չեն հասցրել ներկայացնել խոստացված փաստերը ընդդեմ մեղադրյալների: «Դատապաշտպանները իրենց խոսքում նշվեցին, թե մեղադրող կողմը մինչեւ այսօր հիմքեր չի ներկայացրել, եւ բողոքեցին, որ չկա մեղադրանքը հաստատող որեւէ ապացույց», - հայտնեց Արմեն Ջավադյանը:

Մարտի 15-ին Միացյալ Նահանգների իշխանությունները ձերբակալել են 18 անձանցից բաղկացած մի խումբ, որին մեղադրում են ռուսաստանյան արտադրության զենքի եւ զինամթերքի ապօրինի ճանապարհով ԱՄՆ ներկրումը նախապատրաստելու մեջ: Ձերբակալվածների թվում էին նաեւ Հայաստանի քաղաքացիներ Արթուր եւ Լեւոն Սոլոմոնյանները: Ըստ տեղեկությունների, հանցավոր խմբի ղեկավարն է եղել Արթուր Սոլոմոնյանը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG