Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այսօր Ղարաբաղում իսկապես քաղաքացիական ուժեղ իշխանություն ստեղծելու հնարավորություն կա, ինչը բխում է թե՛ Ղարաբաղի եւ թե՛ Հայաստանի շահերից: Եվ ահա զինվորականները Պավել Մանուկյանի նկատմամբ կատարած լկտի ոտնձգությամբ թերեւս ուզում են ցույց տալ, թե ով է երկրի իրական տերը, եւ բոլորին ուզում են հիշեցնել զինվորական բեսպրեդելի ժամանակների մասին», - վերլուծում է «Հայկական ժամանակ»-ը: Ընդգծելով, որ այսօր Արկադի Ղուկասյանը առավել քան երբեւէ հնարավորություն ունի կատարել շատ կարեւոր եւ վճռական քայլեր, մեկնաբանը հավելում է. - «Հասկանալի է, որ որոշակի քայլեր անելու պարագայում Ղուկասյանը ստիպված է լինելու բախվել նաեւ Հայաստանի իշխանությունների դիմադրությանը: Բայց այսօր Ղարաբաղում ստեղծված վիճակի պայմաններում Լեռնային Ղարաբաղի նախագահը կարող է ավելին լինել, քան եղել է մինչեւ օրս»:

«Առավոտ»-ը, այս միջադեպը դիտարկելով միջազգային ասպարեզում Ղարաբաղի դիրքերը թուլացնելու տեսանկյունից, նշում է. - «Եթե տուժողի պնդումը հաստատվի, ապա սա լուրջ հարված կլինի Լեռնային Ղարաբաղի անկախության համար մղվող պայքարին: Ընդ որում՝ տարօրինակ, իսկ գուցեւ օրինաչափ պատահականությամբ հարվածը հասցվում է ղարաբաղյան խնդրի հարցում ամենածայրահեղ դիրք բռնած ՀՅԴ-ից»: «Որքա՜ն ենք լսել նույն այդ դաշնակցականների կոշտ քննադատությունը հայաստանյան ընդդիմության հասցեին, որը, նրանց կարծիքով, ապակայունացնում է ներքին իրավիճակը եւ ջուր լցնում թշնամու ջրաղացին», - հիշեցնում է մեկնաբանը՝ զուգահեռելով. - «Նույն կուսակցությունը մեծ եռանդով պաշտպանում էր 2003-ի նախագահական ընտրությունների կեղծիքները, ընդդիմությանը մեղադրում էր կեղտոտ սպիտակեղենը եվրոպական հանրության առջեւ լվանալու մեջ: Իսկ եթե այդպես է, ապա այժմ ՀՅԴ-ն պարզապես պետք է մի կերպ կուլ տա Լեռնային Ղարաբաղի վերջին խորհրդարանական ընտրությունների դառը հաբը եւ իրեն զսպելով՝ լռի: Անգամ՝ եթե ծեծել են իրենց կուսակցության պաշտպանած թեկնածուին: Երեւանում էլ ծեծեցին բազմաթիվ խաղաղ ցուցարարների: Եվ դա ամենեւին էլ չառաջացրեց ՀՅԴ-ի ազնիվ ցասումը»:

«Հայոց աշխարհ»-ի վերլուծաբանը, անդրադառնալով Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի՝ Աղդամ - Լաչին - Սիսիան - Նախիջեւան ճանապարհի վերագործարկման եւ Լաչինի շրջանով անցնող դրա հատվածը վերահսկելու առաջարկներին, եզրահանգում է. - «Ադրբեջանական կողմը ձգտում է Նախիջեւանի ապաշրջափակման իր վաղեմի ծրագիրը խցկել Արցախի համար կյանքի ճանապարհ հանդիսացող միջանցքի մեջ»: «168 ժամ» թերթի մեկնաբանի գնահատմամբ՝ մի կողմից, այս տարբերակի քննարկումը լավ է այն առումով, որ Մեղրիի հարցը վերջնականապես կարող է դուրս գալ օրակարգից, բայց, մյուս կողմից՝ այդ ճանապարհը կարող է գործել միայն այն բանից հետո, երբ հայկական զորքերը դուրս կբերվեն ազատագրված տարածքներից: «Փաստորեն ադրբեջանական կողմը մեզ մեծահոգաբար թույլ է տալիս ապաշրջափակել Նախիջեւանը, բայց դրա դիմաց ոչ թե ինքն է զիջումներ անում, այլ մեզանից է զիջումներ պահանջում», - ամփոփում է թերթը:

«Գոլոս Արմենիի»-ի հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղար Կարեն Բաբուրյանը, անդրադառնալով ադրբեջանական շրջանները վերադարձնելու խնդրին, մի շարք հարցադրումներ առաջ քաշելով, նշում է. - «Ինչի՞ հետ կապված դրանք վերադարձնել. կգտնվե՞ն արդյոք հզոր երաշխիքներ ռազմական գործողությունները չվերսկսելու, Ղարաբաղի բնակչության անվտանգությունը ապահովելու համար: Մենք վերադարձնում ենք տարածքները Ադրբեջանի կողմից 15 տարի շարունակվող շրջափակմա՞ն, թե՞ հակահայկական հիստերիայի դիմաց... Տարածքները կարգավորման փաթեթի շատ մեծ հարցերից է, ինչը պետք է քննարկվի միասնական համատեքստում»:


Բրյուսելից «Ազգ»-ի թղթակիցը փոխանցում է, թե Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, անվտանգության համագործակցության եւ գործընկերության հարցերով գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Ռոբերտ Սիմոնսն ասել է. - «Եթե Հայաստանի կառավարությունը չցանկանա այլեւս իր տարածքում ռուսական ռազմակայանի ներկայությունը, ապա Հյուսիսատլանտյան դաշինքն այդ հարցում կօժանդակի Երեւանին»:


«Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) նախագահ Հրանտ Խաչատրյանը «Հայոց աշխարհ»-ում ասում է. - «Միանշանակ է, որ կոալիցիայի ու ընդդիմության շրջանակներում փնտրտուք եւ երկխոսության ցանկություն կա... Կա նաեւ գիտակցություն, որ Հայատանում փոփոխություններն անխուսափելի են»:

«168 ժամ»-ում Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը պնդում է. - «Ես նորից այն կարծիքին եմ, որ պետք է ընդդիմադիր նոր ձեւաչափ, որը կկարողանա լուրջ այլընտրանք ձեւավորել գործող իշխանություններին, որպեսզի հասարակությունը, արտաքին աշխարհը համեմատելու լուրջ հնարավորություն ունենա այս իշխանությունների հետ: Դրանով նաեւ հասկանալի կլինի, թե որն է ավելի վստահելի եւ որի ետեւից կգնա ժողովուրդը»: Կարծիք հայտնելով, որ ընդդիմադիր նոր ֆորմատ ձեւավորելու բանակցությունների ռեսուրսը չի սպառվել՝ Հովհաննես Հովհաննիսյանը նշում է. - «Վստահ եմ, որ այդ գործընթացները եւ քննարկումները կշարունակվեն ու ֆորմատը կընդլայնվի»:

«Համաձայն նոր Ընտրական օրենսգրքի, նախկին 56 ընտրատարածքի փոխարեն ձեւավորվելու է 41 ընտրատարածք, եւ մեծամասնականով ընտրված 15 պատգամավորների ընտրատարածքներ միացվելու են իրար, ուստիեւ՝ պատգամավորական բախումներն անխուսափելի են», - արձանագրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Պատգամավորները մատիտն ու ռետինն առած քարտեզ են գծում՝ յուրաքանչյուրն աշխատելով ընտրատարածքի սահմանային գծերը հարմարացնել սեփական շահերին»: Լրագրողի հավաստմամբ, կոալիցիան ներկայացնող պատգամավորներից մեկը ասել է. - «41 ընտրատարածքի քարտեզները վաղուց արդեն գծվել են նախագահականում: Կոալիցիայի կուսակցություններն այդ քարտեզները ունեն եւ հիմա ներկոալիցիոն պայմանավորվածության արդյունքում, նրանք ընդամենը իրենց առաջարկություններն են անում քարտեզների վրա, որոնք դեռ վերջնական «դաբրո» պետք է ստանան նախագահականում: Եվ միայն դրանից հետո կուղարկվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ դակվելու համար»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG