Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի հարցազրույցում անդրադառնալով Դաշնակցության հետ հարաբերություններին՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը հակադարձում է. - «Ես չեմ այրել որեւէ կամուրջ, եթե այրվել է՝ իրենք են այրել: Ես որեւէ մեկին պատերազմ չեմ հայտարարել... Եվ եթե իրենց թվում էր, որ ինքս պիտի ինչ-որ քայլ անեի՝ ինձ էլ թվում է հակառակը: Իրավիճակը սրող բոլոր հայտարարություններն արվել են միայն իրենց կողմից, եւ ես սպասում էի դրանց «դեզավուացիային»»:

«Դաշնակցությանը ծանոթ է ինչպես հաղթանակը, այնպես էլ պարտությունը, եւ այդ փաստերից յուրաքանչյուրը պետք է ընդունել արժանապատվությամբ: Այստեղ որեւէ ողբերգություն չկա», - «Հայոց աշխարհ»-ում պատասխանելով ՀՅԴ ընդհանուր դիրքորոշման հնարավոր փոփոխության մասին հարցին, ասում է Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: «Իսկ թե ինչո՞ւ այսպես եղավ՝ մենք կքննարկենք խնդիրը Արցախի կենտրոնական կոմիտեի բացատրությունները լսելուց հետո: Բայց դա արդեն ներկուսակցական հարց է, որ ԼՂՀ իշխանությունների ձեւավորման հետ ոչ մի առնչություն չունի», - վստահեցնում է Վահան Հովհաննիսյանը՝ Դաշնակցություն - Արցախի իշխանություններ հարաբերություններն ու համագործակցությունը ներկայացնելով երկու տարբեր մակարդակներով. - «Որպես ՀՅԴ Բյուրո՝ Դաշնակցության համաշխարհային կառույցի ղեկավար մարմին, մենք Արցախի իշխանությունների հետ նույն խրամատում ենք: Տեղական, լոկալ խնդիրներն առնչվում են ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեին, եւ իրենք պետք է ճշտեն իրենց հարաբերությունները տեղական մակարդակով»:


«Առավոտ»-ի հարցազրույցում Բաքվի Տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակների հաղթահարման կենտրոնի տնօրեն Զարդուշտ Ալիզադեն, միամիտ համարելով հույսերը, թե Ղարաբաղում ժողովրդավարական ընտրությունների իմիտացիա անելով հնարավոր է շահել միջազգային հանրության համակրանքը, շարունակում է. - «Վաղ թե ուշ ժողովրդավարությունը կհասնի ե’ւ Ադրբեջան, ե’ւ Հայաստան: Այդ դեպքում ժողովրդավարական Ադրբեջանն ու Հայաստանը կկարողանան լուծել այս հիմնախնդիրը՝ իհարկե՝ հաշվի առնելով Ղարաբաղի հայերի շահերը»: «Ներկայացնել Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարական, իսկ Ադրբեջանը՝ ավտորիտար, այնքան էլ ճիշտ չէ: Ե’վ Ղարաբաղում կան ժողովրդավարական ուժեր, ե’ւ Ադրբեջանում: Ե’վ այնտեղ, ե’ւ այստեղ, նաեւ Հայաստանում իշխում են ուժայիններն ու ոստիկանները», - «Առավոտ»-ում հայտարարում է ադրբեջանցի քաղաքաքետը:

«Հայոց աշխարհ»-ի մատուցմամբ՝ կարելի է վստահորեն եզրակացնել, որ հունիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու իշխանությունները «լուծեցին տվյալ հանգրվանում իրենց առջեւ կանգնած գլխավոր քաղաքական խնդիրը՝ հաղթող դուրս եկան ժողովրդավարության մարտահրավերն ընդունելու հարցում»:

«Առավոտ»-ի ձեւակերպմամբ՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ժամանակ առ ժամանակ «հրաշքներ են լինում». - «Ստրասբուրգ մեկնած ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորները ամենասկզբունքային հարցերում հանդես են գալիս մեկ միասնական տեսակետով»: Ըստ թերթի՝ կոալիցիայի սահմանադրական փոփոխությունների օգտին սկսել են խոսել ընդդիմության ներկայացուցիչները: Իսկ Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը թերթին փոխանցել է. - «Հուսով եմ, վեհաժողովի կոչերը խթան կհանդիսանան, որ ընդդիմությունը լիարժեք մասնակցի հետագա բոլոր քայլերին»:

«Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ղեկավար Գուրգեն Արսենյաը վստահաբար ասում է. - «Ամենալավ բարեփոխումների պայմաններում անգամ Սահմանադրությանը ժողովուրդը ոչ է ասելու, որովհետեւ բացակայում է հասարակական լայն համաձայնությունը... Իրականում փոխհամաձայնության այդ ցանկությունը չկա, քանզի 11 ամիս այդ մարդիկ ինչ-որ գործ արեցին, գնացին հասան Վենետիկ եւ այնտեղ՝ ճնշելով, ստիպելով, նրանց նախագիծը փոխել տվեցին: Արդյունքում պարզվեց, որ մենք, որպես հասարակություն, որեւէ բանի ի վիճակի չենք՝ եթե մեզ դրսից ականջները չեն քաշում, կամ վախենալու դեմք չեն ընդունում: Բայց Եվրոպան մեզ վախեցնելու ցանկություն չունի եւ ընդամենը մեկ բան է ասում՝ եթե դուք աբորիգեն եք, գնացեք եւ շարունակեք ապրել որպես աբորիգեններ»:








«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ, Բրյուսելում ներկայացված փաստաթղթերով Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ բավականին բարձր համագործակցության հայտ է ներկայացրել: «Մենք շատ բարձր «մեսիջ» ենք ուղարկել՝ ասելով, որ պատրաստ ենք արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը վերաբերող ցանկացած հարց քննարկել եւ խորհրդակցել ՆԱՏՕ-ի հետ», - թերթի թղթակցին ասել են Հայաստանի արտգործնախարարությունում: Թերթի հարցին, թե՝ արդյոք Հայաստանը խնդիրներ չի ունենա Ռուսատանի հետ, արտաքին գերատեսչությունից պատասխանել են. - «Մենք այդ սահմանը պահել ենք ու այնպիսի բաներ չենք ցանկացել, որ Ռուսաստանի հետ հակասություններ ստեղծվեն»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG