Մատչելիության հղումներ

Գերմանիան ավելացնում է ֆինանսական աջակցությունը Հայաստանին


Հայ-գերմանական միջկառավարական հանձնախմբի հերթական նիստում գերմանական կառավարությունը խոստացել է արտոնյալ վարկի հերթական չափափաժինը հատկացնել Հայաստանի կառավարությանը:

Հանձնախմբի հայկական կողմի համանախագահ, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն ուրբաթ օրը հրավիրած մամուլի ասուլիսում փոխանցեց, որ Գերմանիայում կայացած եռօրյա բանակցությունների արդյունքում այդ դոնոր երկիրը համաձայնել է 10 միլիոն եվրո ավելացնել Հայաստանի ֆինանսական օժանդակության փաթեթին:

Նախարարի խոսքերով, այդ գումարից շուրջ 7,5 միլիոնը կուղղվի հիպոթեկային շուկա՝ փորձելով ընդլայնել անշարժ գույքի գրավադրմամբ վարկավորումը՝ ավելի ցածր տոկոսադրույքներով եւ ավելի երկար ժամկետով:

Գերմանական աղբյուրներից եւս 2 միլիոն եվրո կտրվի Արմավիրի մարզի ջրամատակարարման ծրագիրն ավարտին հասցնելու, եւ եւս կես միլիոն եվրո՝ կրթական ու տեխնիկական աջակցության ծրագրերի իրագործման համար։

Կայացած բանակցություններում գերմանական կողմը փոխանցել է, թե մտադիր է, շրջանցելով Հայաստանի կառավարական կառույցները, ուղղակի ներդրումների երկու խոշոր ծրագրեր իրականացնել: Դրանցից մեկով KFW բանկը մտադիր է 15 միլիոն եվրո տրամադրել Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը: Գերմական այդ բանկը մինչ այժմ արդեն շուրջ 107 միլիոն եվրո է հատկացրել այդպիսի ծրագրերին, սակայն՝ մեր կառավարության երաշխիքների ներքո։ Այսուհետ, փաստորեն, նման երաշխիքներ չեն լինի, ինչը նշանակում է, որ փոքր բիզնեսի համար տրվող այդ վարկերի տոկոսները կարող են ավելի բարձր լինել։

Գերմանական կողմը եւս 20 միլիոն եվրո կուղղի սեւան-հրազդանյան ՀԷԿ-երի կասկադի մեջ մտնող Երեւանի ՀԷԿ-ի արդիականացման ծրագրին:

«Դա տրվելու է ուղիղ սեփականատերերին», - պարզաբանեց Վարդան Խաչատրյանը:

Սեւան-Հրազդան կասկադի սեփականատերը, հիշեցնենք, «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» (ՌԱՈ-ԵԷՍ) ընկերությունն է։

Գերմանական կողմը նաեւ խոստացել է 12 միլիոն եվրո հատկացնել Լոռիբերդի հիդրոկայանի կառուցման նպատակով՝ հետագայում եւս 12,5 կես միլիոն եվրո հավելելու պայմանով։ Լոռիբերդի ՀԷԿ-ի կառուցումը ընդհանուր առմամբ կպահանջի 80 միլիոն եվրո:

Ըստ Վարդան խաչատրյանի, այդ ծրագրի իրագործման մեջ շահագրգիռ են ոչ միայն Գերմանիան, այլեւ մյուս դոնորները:

«Նախաձեռնությունը նաեւ Եվրամիության ընդհանուր նախաձեռնության հետ են կապում, Հայաստանում ատոմակայանի փակման [հետ կապված] լրացուցիչ հնարավորություններ հայթայթելու հետ», - ասաց նախարարը:

Հայկական պատվիրակության կազմում էր նաեւ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը, ով այսօրվա ասուլիսում ասաց, որ գերմանական բանկի տրամադրած վարկերի իրացման ընթացքում եղել են «բավական լուրջ թերություններ»:

Ոսկանյանը հավելեց, որ այդ խախտումներն եւ չարաշահումները թույլ տված մարդիկ պատժվել են, հեռացվել են աշխատանքից։ Այդուհանդերձ, նա ձեռնպահ մնաց կոնկրետ անուններ տալուց։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG