Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը «սուտ եւ հերյուրանք» է որակում Ադրբեջանի պնդումները, թե հայկական կողմն է խախտում հրադադարի ռեժիմը


Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը շորեքշաբթի օրը կտրականապես հերքեց ադրբեջանական կողմի պնդումները, թե հայկական կողմն է նախաձեռնում վերջերս հաճախացած փոխհրաձգությունները Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական շփման գծում:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ինչքան էլ ասի, որ հայկական կողմի մեղքով է կամ նախաձեռնությամբ [հրադադարի ռեժիմի խախտումները], ակնհայտ է, որ դա սուտ է եւ հերյուրանք», - լրագրողներին ասաց Սարգսյանը:

«Բավական երկար ժամանակ ադրբեջանցիները փորձում են կա’մ բարելավել իրենց դիրքերը, կա’մ իրենց դիրքերը առաջ տալով՝ ընդհուպ մոտեցնել մեր դիրքերին: Եվ այս պատճառով, բնական է, տեղի են ունենում միջադեպեր», - շարունակեց նա: - «Ցանկացած մարդ, ով շատ թե քիչ տեղյակ է կոնֆլիկտից, շատ լավ հասկանում է, որ հայկական կողմին ձեռնտու չէ, եւ հայկական կողմը ընդհանրապես կարիք չունի կրակելու, որովհետեւ հայկական կողմը խնդիր չունի լուծելու»:

Նրա խոսքերով, հայկական կողմը առաջ գնալու կամ իր դիրքերը բարելավելու խնդիր չունի, քանի որ դեռեւս 1994 թվականին «իր դիրքերը բարելավել է». - «Այսինքն՝ կանգնել է այն դիրքերում, որտեղ հարմար էր գտել»:

Դիտարկմանը, թե Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հերթական անգամ չի բացառել լայնամասշտաբ պատերազմական գործողությունները, Սարգսյանը արձագանքեց. - «Ուզում եմ, որ այդ մարդիկ մեկ անգամ եւս հիշեն, որ պատերազմում փլավ չեն բաժանում: Ուզում եմ մեկ անգամ եւս Սաֆար Աբիեւը հիշի իր անցած ճանապարհը: Կարծում եմ, դա իր համար շատ օգտակար կլինի»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG