Մատչելիության հղումներ

Թուրքիան նոր անուններ է տալիս վայրի կենդանիներին


«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, «Քուրդիստան» եւ «Հայաստան» աշխարհագրական անվանումների լատիներեն հիշատակումը բացառելու նպատակով Թուրքիան որոշել է նոր անուններ տալ որոշ վայրի կենդանիների:

Թուրքիայի բնապահպանության եւ անտառների նախարարության որոշմամբ, շեկ աղվեսը այսուհետեւ «Քրդական աղվես»-ի ("Vulpes Vulpes Kurdistanica") փոխարեն կկոչվի ուղղակի “Vulpes Vulpes”, "Ovis Armeniana" սպիտակ ոչխարը կստանա "Ovis Orientalis Anatolicus" («Անատոլիայի ոչխար») անունը, իսկ "Capreolus Capreolus Armenus" եղջերուն կկոչվի "Capreolus Cuprelus Capreolus"՝ կամ ուղղակի եղջերու:

Նախարարության ներկայացուցիչ Քեմալ Յալինկիլիչը նշել է, թե ներկայումս Թուրքիայի հանդեպ ինչ-որ անհասկանալի խաղ է տարվում:

«Որոշ անձինք փորձում են օգտագործել կենդանական եւ բուսական աշխարհի ներկայացուցիչների անունները՝ ապացուցելու եւ նշելու, որ մեր երկրում բնակվել են քրդեր եւ հայեր», - հայտարարել է նա: - «Փոխելով անունները՝ մենք վերջ կտանք այդ կարգի խաղերին»:

Հայտնի չէ, սակայն՝ միջազգայնորեն կճանաչվի՞ արդյոք Թուրքիայի այդ նորամուծությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG