Մատչելիության հղումներ

Հայաստանի ազգային արխիվը «բաց է թուրք պատմաբանների համար»


Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել Ազգային արխիվի պահպանման, ինչպես նաեւ արխիվների ֆինանսավորման կարգի վերաբերյալ:

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նիստից հետո լրագրողներին ասաց, որ արխիվային նյութերի պահպանման եւ հաջորդ սերունդներին փոխանցման համար հարկավոր են մեծ միջոցներ. - «Եղած թղթե հիմքի վրա փաստաթղթերը պետք է դառնան թվային»:

Նրա խոսքերով, Հայաստանի ազգային արխիվում մոտ 3 միլիոն արխիվային փաստաթուղթ է պահվում։ Արխիվում նույնիսկ 1600 թվականից փոխանցված գործ կա։

Օրական առնվազն 50 քաղաքացու դիմում է ստացվում, որոնց մեծ մասը անվճար է օգտվում արխիվային փաստաթղթերից, քանի որ վճարունակ չէ։

Հայաստանի արխիվները, ըստ Վիրաբյանի, լիովին մատչելի են օտարերկրյա քաղաքացիների համար:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Ազգային արխիվի տնօրենը թուրքական մամուլում վերջերս հաճախակի դարձած պնդումներին, թե Թուրքիան բացել է Հայոց ցեղասպանությանն առնչվող բոլոր արխիվները, մինչդեռ Հայաստանը դրանք փակ է պահում, Ամատունի Վիրաբյանը պատասխանեց. - «Որեւէ թուրք պատմաբան կամ ժուռնալիստ արդյոք դիմե՞լ է ինձ, որ ես նրան թույլ չեմ տվել օգտվելու արխիվից»:

«Մենք իրոք ունեցել ենք փակ փաստաթղթեր [անցած դարի] 50-60-ական թվականներին, բայց այն բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում էին ցեղասպանությանը, դրանք խորհրդային տարիներին նույնպես բաց են եղել»:

«Պատրաստ եմ ցանկացած պահին ընդունել եւ ցույց տալ այն բոլոր փաստաթղթերը [Հայոց ցեղասպանությանը վերաբերող], որոնք կան մեզ մոտ», - ավելացրեց Ազգային արխիվի տնօրենը:

Վիրաբյանը հավելեց, որ Հայաստանի ազգային արխիվում պահվում են Ցեղասպանության առնչվող մոտ 12 հազար փաստաթուղթ։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG