Մատչելիության հղումներ

Պաշտոնական վիճակագրության պնդմամբ, մեկ շնչի հաշվով եկամուտները 2004 թվականին գերազանցել են 1989 թվականի ցուցանիշը


2004 թվականի արդյունքներով Հայաստանի բնակչության շնչի հաշվով արտադրված եկամուտը կազմել է 589.140 դրամ (1104 դոլար)։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը համարում է, թե այս ցուցանիշը ավելին է, քան 1989 թվականի Խորհրդային Հայաստանի համանման ցուցանիշը։

Չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում ներկայացնելով 2004 թվականի սոցիալ-տնտեսական իրավիճակի ցուցանիշները, Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը, մինչդեռ, ասաց, որ նման համեմատությունը կոռեկտ չէ:

«Կառուցվածք է փոխվել», - փաստարկեց Մնացականյանը: - «Խորհրդային տարիներին գնագոյացման համակարգը բացարձակապես այլ էր: Այդ իսկ պատճառով դրանք համադրելի չեն»:

«Միշտ հորդորում են, որ հինգ տարուց ավելի ժամանակահատվածի համար համադրումներ չիրականացվեն, որովհետեւ կյանքը շատ արագ է փոխվում», - շարունակեց նա: - «Այսօր կա ընդամենը մեկ ինդիկատոր, որ ըստ եկամուտների եւ ըստ ծախսերի մեր բնակչությունը խիստ բեւեռացված է»:

Վիճակագրական ծառայության պետն այսօր հայտարարեց, թե 2004 թվականի վերջի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 215 հազար, նախորդ տարվա համեմատ աճելով ընդամենը 3500-ով։ Անցյալ տարի որոշակի տեղաշարժ են գրանցել սոցիալական ցուցանիշները. երկրում միջին աշխատավարձն աճել է մոտ 23 տոկոսով՝ հասնելով շուրջ 42 հազար դրամի։

Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության արդյունքներով, մեկ շնչի հաշվով ամսական դրամական եկամուտը կազմել է 13600 դրամ, ընդ որում, այդ գումարից 6830 դրամը ստացվել է վարձու աշխատանքից, պետական նպաստներից եւ կենսաթոշակներից՝ 1792 դրամ, 2031 դրամ՝ մասնավոր դրամական օգնություններից։

Փաստորեն, բնակչության եկամուտների մեջ աշխատավարձը սկսել է գերակշռող դեր խաղալ՝ կազմելով 51 տոկոս (2001 թվականին այդ ցուցանիշը հասնում էր առավելագույնը 30 տոկոսի):

Այդուհանդերձ, նույն վիճակագիրները փաստում են, որ բնակչության շնչի հաշվով եկամուտն Հայաստանում առայժմ թույլ չի տալիս ծածկել նույնիսկ նվազագույն պարենային զամբյուղի արժեքը, որը 2004 թվականին ամսական կտրվածքով կազմել է 18 հազար 38 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 29 հազար 400 դրամ։

Ազգային վիճակագրական ծառայության պետի մատուցմամբ, ներկա դրությամբ գործազրկության մակարդակը կազմում է երկրի աշխատունակ բնակչության 9,4 տոկոսը: Մինչդեռ, Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ արված հաշվարկների համաձայն գործազրկությունը երկրում շուրջ 31,5 տոկոս է։ Աշխատուժի ընտրանքային հետազոտության արդյունքների համաձայն, այսպես կոչված, թաքնված զբաղվածները կազմում են զբաղվածների ընդհանուր թվի 22 տոկոսը:

Բանավոր համաձայնությամբ վարձու աշխատողները կազմում են ընդհանուր վարձու աշխատողների 22,5 տոկոսը։ Ըստ ծառայության պետի, ավելի մեծ ստվերայնությամբ բնորոշվող ոլորտներ էլ կան:

«Հայաստանում բանավոր համաձայնությամբ վարձու աշխատողները բավականին մեծ տեսակարար կշիռ են կազմում:

Այստեղ կա մեկ արտառոց թիվ. չգրանցված գործունեություն իրականացնող գործատուներն ու ինքնազբաղվածները կազմում են ընդհանուր զբաղվածների եւ գործատուների 73 տոկոսը։

Ազգային վիճակագրական ծառայության պետն այսօր ասաց, որ իրենք քայլեր են ձեռնարկել վերսկսել հարավկովկասյան երեք պետութունների սոցիալ-տնտեսական իրավիճակը արտացոլող միասնական վիճակագրական տեղեկարգի հրապարակումը: Նախկինում հրապարակվել են նման երկու ձեռնարկներ՝ 2000 եւ 2002 թվականներին։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG