Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր դաշինքը ակտիվացնում է աշխատանքը


Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի առաջատար ուժի՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը այսօր այցելեց Արտաշատ՝ հանդիպելու կուսակցության տարածքային կազմակերպության անդամների հետ: Տարածքային կազմակերպությունների ակտիվիստների հետ նման հանդիպումները առաջիկայում ավելի հաճախակի են դառնալու:

Արտաշատում կայացած հանդիպման ժամանակ կուսակցության ղեկավարները նման հանդիպումների անհրաժեշտությունը բացատրեցին նաեւ «տեղեկատվական բլոկադայով»՝ չկան ազատ եւ բաց լրատվամիջոցներ:

«Այս իշխանությունը դատապատված է», - պատասխանելով հանդիպման մասնակիցների՝ ընդդիմության հետագա քայլերին վերաբերող հարցին, ասաց Ստեփան Դեմիրճյանը: - «Այո, մենք ամեն ինչ արել ենք ու անելու ենք, որպեսզի սահմանադրական կարգի վերականգնումը խաղաղ ճանապարհով իրականանա»:

«Ոչ թե ընդդիմությունը պարտվել է, այլ ընդդիմությունը դեռ չի հաղթել», - իր կողմնակիցներին հուսադրեց Դեմիրճյանը:

Ստեփան Դեմիրճյանը անդրադարձավ նաեւ նոր ընդդիմադիր միավորման ստեղծման մասին շրջանառվող խոսակցություններին: Նրա խոսքերով՝ հասկանալի է համախմբումը «կոնկրետ հարցի, կոնկրետ գործողությունների շուրջ», բայց չի կարելի «պարապ» խոսակցություններ վարել ինչ-որ ֆորմատների մասին եւ իրականում գործ չանել:

«Պետք է հարգել ժողովրդի քվեն», - ասաց նա: - «Ժողովուրդը դաշինքին քվե է տվել, որպեսզի դաշինքը համախմբված պայքարի այս անօրինականությունների եւ անարդարությունների դեմ»:

Հանդիպման մասնակիցները տեղեկացվեցին, որ «Արդարություն» դաշինքը պատրաստվում է առաջիկա գարնանը ավելի զանգվածային հանդիպումներ են անցկացվել: Ասվեց նաեւ, որ ապրիլի 12-ի տարելիցը կնշվի հանրահավաքով:

«Ընտրությունները դեռ չեն ավարտվել», - եզրափակեց ՀԺԿ առաջնորդը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG