Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 5-ը փետրվարի)

«Որո՞նք են Աթկինսոնի զեկույցի հավանական վտանգները եւ ի՞նչ անել՝ փաստաթղթում ներդրված ականները վնասազերծելու համար»: «Հայոց Աշխարհ»-ի այս հարցերին ի պատասխան՝ «Արժանապատվություն» կուսակցության նախագահ, փիլիսոփայության դոկտոր Լյուդմիլա Հարությունյանը մատնանշում է, որ հիմնական ասելիքը ոչ թե առանձին ձեւակերպումների եւ առաջարկվող կոնկրետ լուծումների, այլ փաստաթղթի ընդհանուր տրամաբանության մեջ պետք է փնտրել: Այն է՝ «եվրոպական մտածողության մեջ արդեն իսկ ձեւավորվել է այն մտայնությունը, որ կողմերին խաղաղություն պարտադրելու պահը հասունացել է, եւ ստատուս քվոն պահպանելու ժամանակը այլեւս սպառվում է»: Ավելին՝ «ձեւավորվել է այն հայեցակարգը, որի շրջանակում պետք է գտնվեն խնդրի լուծման ուղիները»: Ընդ որում, այս պահի դրությամբ Եվրախորհրդում գերիշխող «սկզբունքային» մոտեցումներին համահունչ՝ ելնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքից: Լյուդմիլա Հարությունյանի ընկալմամբ՝ եվրոպական հանրությունը հղում է մեկ այլ ազդանշան եւս՝ «Աթկինսոնի բանաձեւը շրջանառության մեջ դնելով, ըստ էության, փորձում է զորաշարժի ենթարկել հասարակական կարծիքը եւ երկխոսության է հրավիրում հայ եւ ադրբեջանական հասարակությանը»:

«Ի՞նչ բովանդակություն է ունենալու ԵԱՀԿ փաստահավաք խմբի զեկույցը» հարցի շրջանակում «Ազգ»-ի թղթակիցը, որ այս օրերին ուղեկցում է այդ առաքելությանը, փոխանցում է. - «Մոտ մեկ շաբաթ փաստահավաք խմբի հետ շրջագայելով տասնյակ բնակավայրեր, կարող ենք համոզված լինել առնվազն մեկ բանում՝ ցավոք, Հայաստանը եւ Ղարաբաղը չեն բնակեցնում նախկին բուն հայկական տարածքները: Անշուշտ, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգության գոտում կան վերաբնակիչներ, սակայն տարերային, ինքնակամ բնակեցումը ակնհայտորեն չի կարելի որակել պետական քաղաքականություն»:

Մամուլում այսօր արձանագրվում է, որ, ըստ ամենայնի, մարտի 20-ին Հայաստանի խորհրդարանում տեղի կունենան Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բաց լսումներ, որոնք կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես է եկել «Արդարություն» դաշինքը: Երեկ նման պայմանավորվածություն է կայացվել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում: Լսումների նախապատրաստման համար ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ: Լսումներին հրավիրվելու են արտգործնախարար Օսկանյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, նաեւ Ղարաբաղի ներկայացուցիչները:

Երկրապահ կամավորականների հնարավոր պառակտման հետ կապված հարցազրույցում ԵԿՄ վարչության անդամ Ռուբեն Գեւորգյանը «Հայկական ժամանակ»-ում ասում է. - «Անկախ նրանից, որ Երկրապահը հասարակական կառույց է, նա միշտ էլ ամեն ժամանակներում իր թելադրող եւ կողմնորոշիչ դերն է ունեցել երկրի քաղաքական դաշտում... Այո, առանց քաշվելու ասում եմ, որ երկիրը ժողովրդինն է, իսկ նրա ճակատագրի տերը նրանք են, ովքեր այդ պատվին արյամբ են արժանացել: Անկախ նրանից, թե այդ ախպերները որ ճակատում են կռվել, կամ՝ հիմա ինչ կառույցում են գտնվում, առանց տատանվելու կարող եմ ասել, որ մենք արյամբ հաստատված ախպերներ ենք»:

Անդրադառնալով ընդդիմության առաջարկին իշխանական կոալիցիայի վերջին պատասխան-հայտարարությանը՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը «Հայոց աշխարհ» թերթում բնորոշում է. - «Մեզ մոտ երեւի շարժումից սկսվեց՝ միմյանց նկատմամբ ցանկացած հարցում տղայական վերաբերմունք դրսեւորել։ Նորից համագործակցություն սկսելու համար որոշակի երաշխիքներ էին պետք ընդդիմությանը, ինչը կոնկրետ կետերի ձեւով առաջարկվեց եւ, ըստ էության, ստացանք մերժում։ Ու կարծես միակ պատճառն այն է, որ տղայական տեսանկյունից իրենք կարողանան մեզ հետ վերեւից խոսել»։

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակցի ձերբակալության հետքերով «Առավոտ» թերթը մի քանի եզրակացության է հանգել. - «Նախ՝ անգամ ամենաօրինապաշտ ամերիկացիները, որոնց իրենց երկիրն ապահովում է, նկատենք՝ բավական բարձր աշխատավարձով, մեր միջավայր տեղափոխվելուց հետո չեն կարողանում դիմանալ դեֆիցիտի վրա փող աշխատելու գայթակղությանը: Իրենց երկրի օրենսդրության առաջ դողացող «յանկիները» մեր պայմաններում սկսում են չամաչել կաշառք վերցնելուց, քանի որ մեր հասարակությունը նման երեւույթների հանդեպ խիստ հանդուրժող է: Եզրակացություն երկրորդ՝ մեր քաղաքացին ավելի շուտ պատրաստ է Ամերիկայի կոռումպացված չինովնիկին վճարել 10000 դոլար կաշառք, ընդմիշտ հեռանալ այս երկրից եւ այլեւս կաշառք չտալ, քան հայրենիքում մնալով՝ մինչեւ կյանքի վերջ սրան-նրան կաշառել: Եզրակացություն երրորդ՝ չինովնիկներն ամեն տեղ նույնն են եւ ամենուր կաշառք են վերցնում: Միակ տարբերությունը թերեւս այն է, որ ամերիկացիներն իրենց կաշառակեր չինովնիկներին պատժում են»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG