Մատչելիության հղումներ

Դեւիդ Աթկինսոն. Անհրաժեշտ է, որ բանակցեն Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը


«Բանակցությունները, իմ կարծիքով, արդյունքի չեն բերում, որովհետեւ չկան իրական շփումներ Ադրբեջանի իշխանությունների եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջեւ», - BBC-ի հարցազրույցում հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով` երկուշաբթի օրը ընդունված բանաձեւի հեղինակ Դեւիդ Աթկինսոնը: - «Անհրաժեշտ է բանակցություններ սկսել, երկխոսություն հիմնել՝ այս հակամարտության կարգավորման նպատակով: Եվրախորհրդի նախաձեռնությունը կբերի հենց նման շփումների հաստատմանը: Հնարավոր է նաեւ՝ հակամարտության կարգավորմանը»:

Անդրադառնալով բանաձեւի ընդունումից հետո Եվրախորհրդի ձեռնարկելիք առաջին քայլերին՝ Աթկինսոնը ասել է, թե հունվարի 28-ին ԵԽԽՎ բյուրոն կքննարկի որոշումների իրականացման հետ կապված Եվրախորհրդի գործողությունների պլանը: Բյուրոն, հավանաբար, նամակով կդիմի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ ԵԽԽՎ որոշումները իրականացնելու, մասնավորապես՝ Ղարաբաղի ներկայացուցիչներին երկխոսության հրավիրելու անհրաժեշտության կոչով:

«Երկխոսություն սկսելու համար ժամկետ չի սահմանվի: Մենք կուզենայինք միայն, որ երկխոսությունը սկսվեր առանց նախապայմանների», - հայտարարել է Դեւիդ Աթկինսոնը:

Հակադարձելով կարծիքին, թե Եվրախորհրդում ղարաբաղյան խնդրի քննարկման անհրաժեշտություն չկար, քանի որ այդ խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, Աթկինսոնը ասել է. - «Անցած 10 տարիները ցույց են տալիս, որ միայն Մինսկի խմբի ջանքերը բավարար չեն: Եվրախորհուրդը կարող է սեփական ներդրումն ունենալ խաղաղ կարգավորման գործում: Այդուհանդերձ, մենք չենք պատրաստվում որեւէ ձեւով փոխարինել Մինսկի խմբին, մենք ցանկանում ենք միայն օգնել համանախագահներին»:

Վեհաժողովի իր ելույթում Աթկինսոնը խոսել էր նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի եւ պետության տարածքային ամբողջականության սկզբունքների հակասության մասին: BBC-ի թղթակցի հարցին, թե ո՞ր սկզբունքը պետք է գերակայի, Աթկինսոնը պատասխանել է. - «Ադրբեջանին ընդունելով իր շարքերը՝ Եվրախորհուրդը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

«Եթե կողմերը գոյություն ունեցող սահմանների փոփոխման հարցում համաձայնության գան, ինչպես դա եղավ Չեխիայի եւ Սլովակիայի պարագայում, եթե Ադրբեջանի կառավարությունը համաձայնի Ղարաբաղի բնակչության պահանջին՝ անկախություն շնորհելու մասին, մենք եւս դա կընդունենք», - ավելացրել է Աթկինսոնը:

Նրա խոսքերով, սակայն, ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախության պահանջներին:

«Եվրախորհուրդը, մյուս միջազգային կազմակերպությունների նման, չի կարող ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ուստի «ազգերի ինքնորոշման իրավունքի» սկզբունքը Լեռնային Ղարաբաղի դեպքում չի կարող կիրառվել», - ասել է Դեւիդ Աթկինսոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG