Մատչելիության հղումներ

«Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում չի բարելավվել»


«Թեեւ միջազգային հանրությունը բարենպաստ կարծիք ունի Հայաստանի մասին` հաշվի առնելով 2004 թվականին իրականացված տնտեսական բարեփոխումները, իշխանությունները չեն բարելավել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը», - նշված է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հերթական ամենամյա զեկույցում, որը հրապարակվել է այսօր:

Զեկույցի հեղինակների փաստմամբ, Հայաստանի քաղաքական կյանքում անցած տարի գերիշխել են 2003 թվականի՝ զանգվածային խախտումներով ուղեկցված նախագահական ընտրությունների հետեւանքները:

«Ընդդիմությունը լայնածավալ արշավ էր նախաձեռնել, որի գագաթնակետը դարձավ ապրիլի 12-ի մարդաշատ խաղաղ ցույցը, որն իշխանությունները ցրեցին բռնի ուժ կիրառելով: Կրկնելով 2003-ի ընտրությունների ռեպրեսիվ մարտավարությունը, իշխանությունները ձերբակալեցին ընդդիմության առաջնորդներին եւ աջակիցներին, բռնությամբ ցրեցին ցույցերը, ավերեցին քաղաքական կուսակցությունների գրասենյակները, հարձակման ենթարկեցին լրագրողներին եւ սահմանապակեցին մարդկանց տեղափոխվելու հնարավորությունները, որպեսզի նրանք չմասնակցեն հանրահավաքներին», - նշվում է Human Rights Watch-ի 2004 թվականին վերաբերող զեկույցում:

Հեղինակները գրում են, որ 2004 թվականի մայիսին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց նոր օրենք հանրահավաքների եւ ցույցերի մասին, որը երկրի խորհրդարանը ընդունել էր հակառակ այն բանի, որ Եվրոպայի խորհուրդը եւ ԵԱՀԿ-ն քննադատել էին օրենքի նախագիծը՝ փաստելով, որ այն չի համապատասխանում մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին:

Որպես անցած տարվա ամենաաղաղակող խախտում զեկույցի հեղինակները նշում են ապրիլի 12-ի ցույցի ցրումը բռնի ուժի կիրառմամբ. - «Անվտանգության ուժերը հավաքվածների դեմ օգտագործեցին ջրնետ մեքենաներ, իսկ այնուհետեւ ծեծեցին ցուցարարներին մահակներով, շոկ առաջացնող էլեկտրադագանակներով եւ աղմուկ առաջացնող նռնակներ նետեցին նրանց վրա»:

«Երբ ընդդիմությունը մարտին սկսեց բողոքի ցույցերի շարքը, իշխանությունները դիմեցին իրենց վաղուց կիրառվող մարտավարությանը՝ սկսեցին ձերբակալել հանրահավաքների պոտենցիալ մասնակիցներին», - շարունակում են զեկույցի հեղինակները: - «Մարտից մինչեւ հունիսը ոստիկանությունը ձերբակալել է մի քանի հարյուր մարդու: Դատավարությունները չեն համապատասխանել հիմնարար չափանիշներին՝ ներառյալ փաստաբան ունենալու եւ իր օգտին ապացույցներ ներկայացնելու իրավունքը»:

Human Rights Watch-ի փորձագետները գտնում են, որ մարտի 30-ին իշխանությունները ուժեղացրին ճնշումը քաղաքական ընդդիմության նկատմամբ՝ քրեական գործ հարուցելով ընդդիմադիր դաշինքի եւ դրա կողմնակիցների դեմ. - «Դատախազները ընդդիմության մի քանի առաջնորդների մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու եւ իշխանության ներկայացուցիչներին հրապարակավ վիրավորելու համար եւ մի քանի ամիս պահեցին մեկուսարանում»:

Որպես ընդդիմությանը վախեցնելու այլ օրինակ զեկույցի հեղինակները նշում են փաստը, որ ապրիլի 12-13-ին անվտանգության ուժերը ներխուժել էին ընդդիմադիր 3 խոշոր կուսակցությունների գրասենյակները, ձերբակալել այնտեղ գտնվողներին, մի քանի օրով փակել էին դրասենյակներից երկուսը:

Փաստելով, որ անվտանգության ուժերը եւ անհայտ անձինք մի շարք բիրտ հարձակումներ են գործել բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների վրա, Human Rights Watch-ը առանձին անդրադառնում է հայաստանյան լրատվամիջոցների վիճակին. - «Չնայած Հայաստանում կա բավական անկախ եւ ընդդիմադիր տպագիր մեդիա, իշխանությունները շարունակում են սահմանափակել լրատվամիջոցների լիակատար ազատությունը: Ապրիլի 5-ին ամբողջ երկրում դադարեցվեց «Էն-Տե-Վե» ռուսաստանյան հեռուստակայանի հեռարձակումը այն բանից հետո, երբ հեռուստակայանը ցույց տվեց ընդդիմության հանրահավաքները»:

«Հոկտեմբերին «Կենտրոն» մասնավոր հեռուստակայանը դադարեցրեց «Ազատություն» ռադիոկայանի տեղեկատվական-վերլուծական հեռուստահաղորդումը՝ առաջին ծրագիրը եթեր հեռարձակելուց երեք օր անց: «Ազատություն» ռադիոկայանը համոզված է, որ իշխանությունները ներկայացնող բարձրաստիճան մի պաշտոնյա է ստիպել դադարեցնել ծրագիրը», - նշում են զեկույցի հեղինակները:

Անդրադառնալով կրոնի ազատությանը, Human Rights Watch-ի զեկույցում նշվում է, որ 2004-ին այս բնագավառում որոշակի բարելավում նկատվել է՝ հոկտեմբերին գրանցվել են Եհովայի վկաները: «Այդուհանդերձ, չնայած իշխանությունները խոստացել էին ազատ արձակել զինվորական ծառայությունից հրաժարվելու համար դատապարտված Եհովայի վկաներին, դատարանները շարունակում են կրկին ազատազրկման դատապարտել Եհովայի վկաներին», - փաստում են զեկույցի հեղինակները:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան խնդրին, ապա Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի գործադիր տնօրեն Ռեյչել Դենբերը «Ազատություն» ռադիոկայանին ասել է. - «Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը վարպետորեն օգտագործում են հակամարտությունը իրենց քաղաքական թերացումներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG