Մատչելիության հղումներ

Իրանը կաջակցի Վրաստանի գազային համակարգի վերակառուցմանը


Վրաստանի գազային համակարգի եւ ՋԷԿ-երի վերակառուցման ծրագրին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու Իրանի պատրաստակամության մասին է հայտարարել Վրաստան-Իրան տնտեսական հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Սեյեդ Հասան Հեֆդաթանը Վրաստանի դեսպան Լեւան Աստիանիի հետ երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ:

«ԻՌՆԱ» գործակալության փոխանցմամբ, Հեֆդաթանը շեշտել է Հարավային Կովկասի կարեւորությունը Եվրոպա իրանական գազի արտահանման գործում: Նա ավելացրել է, թե Իրանը կարող է Վրաստանին աջակցել երկաթուղային եւ ծովային տրասպորտի, նավահանգստային տնտեսության, մաքսային ծառայության եւ էներգետիկ ոլորտներում:

Երեքշաբթի օրը Գազի վրացական միջազգային ընկերության խորհրդի նախագահ Իրակլի Ինգորոկվան հայտարարել էր, թե Վրաստանի գազային համակարգը կաթվածահար կլինի, եթե չգտնվեն միջոցներ դրա վերակառուցման համար:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Ինգորոկվան ասել է, թե անհապաղ վերականգնողական աշխատանքների համար պահանջվում է 40 միլիոն դոլար, իսկ համակարգի ամբողջական վերակառուցումը ապահովելու համար մինչեւ 2010 թվականը կպահանջվի շուրջ 613 միլիոն դոլար:

Վրաստանը հույս ունի այդ նպատակով ներգրավել օտարերկրյա ընկերություների, որոնցից առաջինը կարող է լինել ռուսական գազային հսկա «Գազպրոմը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG