Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը քննելու է Իրաք զինվորականներ ուղարկելուն առնչվող հարցը


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 15-ին Սահմանադրական դատարան է ուղարկել «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագիրը՝ ստանալու համար Սահմանադրական դատարանի եզրակացությունը:

Դրական եզրակացության դեպքում, այսինքն՝ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ այս հուշագրին միանալու հետեւանքով Հայաստանի ստանձնելիք պարտավորությունները չեն հակասում Սահմանադրությանը, փաստաթուղթը կուղարկվի Ազգային Ժողով:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանը այս առիթով «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել էր. - «Էականը այն է, որ Հայաստանը ցանկություն ունի իր ներդրումը բերել Իրաքի վերականգնման աշխատանքներում, որովհետեւ Հայաստանի շահերից է բխում տեսնել կայուն, բարգավաճ Իրաք: Որովհետեւ մենք այնտեղ ունենք նաեւ համայնք»:

Հուշագիրը Լեհաստանում ստորագրել են տասնյակից ավելի երկրների պաշտպանության նախարարություններ, այդ թվում՝ Լեհաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Դանիայի, Նորվեգիայի, Լատվիայի, Լիտվայի, Ֆիլիպինների, Սլովակիայի, Ուկրաինայի, Ղազախստանի, Թաիլանդի, Մոնղոլիայի:

Հայաստանի միանալու հարցը Ազգային Ժողովը պիտի որոշի: Սահմանադրական դատարանի դրական եզրակացության դեպքում, հուշագիրը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի, թերեւս, դեկտեմբերին: Ամենայն հավանականությամբ, այս հարցով գլխադասային կնշանակվեն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովները:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG