Մատչելիության հղումներ

Ադրբեջանը չի ընդունում Հայաստանի նախազգուշացումը Ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ


Նոյեմբերի 9-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ բացառիկ հարցազրույցում Վարդան Օսկանյանը ասել էր, որ ինքն ու իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովը ղարաբաղյան հակամարտության լուծման մոտեցումների առումով «լուրջ առաջընթաց» էին արձանագրել Պրահայում կայացած չորս հանդիպումների արդյունքում: Օսկանյանն ասել էր, թե «արդեն կարող են մտնել պրահյան հանդիպումների երկրորդ փուլ եւ խորացնել այն, ինչ ձեռք է բերված առաջին փուլի ընթացքում» եւ թե Ադրբեջանը հայտարարել է, թե սպասում է Հայաստանի պատասխանին բանակցությունների երկրորդ փուլն սկսելու համար։ «Հայաստանն արդեն իր դրական պատասխանը տվել է եւ պատրաստ է նույնիսկ հենց վաղն սկսել բանակցությունների երկրորդ փուլը», - ասել էր Օսկանյանը:

2004 թվականի մայիսից ի վեր Օսկանյանն եւ Մամեդյարովը չորս անգամ հանդիպել են Ստրասբուրգում եւ Պրահայում՝ քննարկելով հակամարտության լուծման մոտեցումները: Նրանց ձեռք բերած նախնական համաձայնությունները եղել են սեպտեմբերի 15-ին երկու երկրների նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի, քննարկման առարկան Աստանայում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի օրերին, ինչից հետո Օսկանյանն ասել էր, թե որոշակի «դադար» կլինի մինչեւ Մամեդյարովի հետ բանակցությունների երկրորդ փուլը սկսելը: Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը սեպտեմբերի վերջին ասել էր, թե Օսկանյանի հետ հանդիպումները «օգտակար» են եղել, սակայն հետագա բանակցությունները «անորոշ ժամանակով» հետաձգվել են Հայաստանի խնդրանքով:

Պրահայում բանակցությունների սեղանին դրված հարցերի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել, եւ այդ պարտադրված գաղտնիությունը ծնել էր լուրեր, թե Երեւանը պատրաստ է դուրս գալ Ղարաբաղի շուրջ գրավյալ յոթ տարածքներից երեքից կամ հինգից՝ անգամ մինչեւ Լեռնային Ղարաբաղի ապագա քաղաքական կարգավիճակի շուրջ վերջնական համաձայնության հասնելը: Հոկտեմբերի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ այդ լուրերը հերքող հայտարարությամբ: «Ինչ էլ Ադրբեջանը ցանկանա կամ հայտարարի, մենք բազմիցս հայտնել եւ կրկին վերահաստատում ենք, որ բանակցությունների ընթացքում Հայաստանն առաջնային է համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Մնացյալ խնդիրներն ածանցյալ են կարգավիճակի հարցից եւ Հայաստանը դրանք դիտարկում է բացառապես Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի համատեքստում», - ասված էր հայտարարության մեջ: - «Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է միմիայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ամբողջական լուծումով եւ բանակցություններում իր մասնակցությունը պայմանավորում է այդ մոտեցմամբ»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ նոյեմբերի 9-ի հարցազրույցում Օսկանյանը նաեւ «դիվանագիտական սխալ» էր որակել գրավյալ տարածքների հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկելու Ադրբեջանի նախաձեռնությունը։ Օսկանյանը նախազգուշացրել էր, որ Ադրբեջանը չպետք է հույս ունենա, թե կարող է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ միաժամանակ ամբողջ փաթեթից վերցված առանձին տարրերի լուծում ակնկալել այլ ատյաններում։ «Կա’մ մենք շարունակում ենք բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում՝ փորձելով հասնել խնդրի ամբողջական լուծման, կա’մ Ադրբեջանը հարցը տանում է այլ ատյաններ՝ փորձելով առանձին լուծումներ գտնել», - ասել էր Օսկանյանը: - «Եվ այդ դեպքում Բաքուն պետք է գործ ունենա Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ։ Այսօր գնդակը ադրբեջանական կողմում է»։

Նոյեմբերի 10-ին, սակայն, Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Մեթին Միրզան չի ընդունել Օսկանյանի նախազգուշացումը, թե Ադրբեջանը չպետք է փորձի զուգահեռ ջանքեր գործադրել՝ դա որակելով որպես բանակցային գործընթացը «տորպեդահարելու» փորձ այն պահին, երբ «շահեկան պայմաններ» են ստեղծվել առաջընթաց արձանագրելու համար: Նա եզրակացրել է, թե Երեւանը «լրջորեն անհանգստացած է» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում առաջիկա քննարկման հեռանկարով: Նա մեկ անգամ եւս շեշտել է, որ Բաքուն չի համաձայնի բանակցել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ:

Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Ալիեւը, ըստ «Իտառ-Տասս»-ի, նույնպես հայտարարել էր, թե Ղարաբաղի հարցը այլ միջազգային ատյաններում բարձրացնելը չի վտանգի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները, եւ թե Բաքուն չի փորձում Մինսկի խումբը փոխարինել այլ միջնորդով: Ալիեւը ասել էր, թե Բաքուն պարզապես ուզում է, որ այնպիսի միջազգային կազմակերպությունները, ինչպես ՄԱԿ-ը, Եվրամիությունը եւ Եվրախորհուրդը, «միանշանակորեն ընդունեն, որ Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքի մի մասը» եւ որ «այս անարդար իրավիճակը» պետք է շտկվի: Ըստ «Իտառ-Տասս»-ի, Ադրբեջանի հավաում շրջայց կատարող Ալիեւը նոյեմբերի 9-ին ասել է, որ Բաքուն չի ստորագրի Ղարաբաղյան խաղաղ կարգավորման որեւէ համաձայնագիր, քանի դեռ հայկական ուժերը չեն նահանջել Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներից:


Լիզ Ֆուլլեր, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG