Մատչելիության հղումներ

Ազատամարտիկների կուսակցությունը «խոսքից գործի է անցնելու՝ արդարության համար պայքարում»


Ինչպես երեքշաբթի օրը հրավիրած ասուլիում հայտարարեց հազարավար ազատամարտիկների միավորող «Ազգի փրկություն» կուսակցության խորհրդի նախագահը, իրենք «խոսքից գործի են անցնելու՝ արդարության համար պայքարում»:

«Երկրում պետք է հաստատվի արդարություն: Հայ ժողովրդին պետք է վերադարձվեն այն իրավունքները, որը նա ունեցել է 90 թվականից առաջ», - ասուլիսում ասաց «Ազգի փրկություն» կուսակցության խորհրդի նախագահ Սարգիս Կարապետյանը: - «Դիմելու ենք հանրապետություն իշխանություններին՝ խնդրանքով, աղերսելով, ստիպելով, պարտադրելով եւ ինչ-որ տեղ նաեւ բռնությամբ»:

Հարցին, թե արդյո՞ք դա խռովություն կամ զինված ապստամբություն է ենթադրում, Կարապետյանը պատասխանեց. - «Ոչ: Մեր ամենաուժեղ զենքը դա հայ ժողովրդի ընդհանուր կամքն է: Մենք ունենք բռունցք, մենք հրազենի չենք դիմի»:

Կոռնիձորի ջոկատի ազատամարտիկ, «Ազգի փրկություն» կուսակցության եւ Երկրապահ կամավորական միության անդամ Վարդան Թաթարյանը՝ նկարագրելով մարտական ընկերների ու սովորական շատ քաղաքացիների աղքատությունը, ասաց. - «Մենք շատ բան չենք պահանջում, մենք պահանջում ենք նորմալ, բարեկեցիկ կյանք: Մենք զինված չենք, զենք կրելու իրավունքը չունենք: Բայց ժողովուրդը մեզ այդ իրավունքը կտա, որ մենք զինվենք էլ, զենք էլ կրենք ու էս հարցը լուծենք՝ եթե ղեկավարությունը պետք է այդքան կոպիտ լինի մեր հանդեպ»:

Ինչպես ասաց կուսակցության ղեկավարը, սա վերջնագիր չէ եւ վերջնաժամկետ էլ չի լինելու: Երկու անգամ հանդիպում են խնդրել երկրի նախագահի հետ, մերժում են ստացել: Մեկ անգամ էլ կդիմեն, քանի որ հիմա «պարտավոր են հավատալու իշխանություններին». - «Բայց եթե չկատարեն՝ դա ուրիշ հարց է»:

«15 տարում ոչինչ չեն արել: Քանդելուց, Հայաստանը դատարկելուց, հայաթափելուց բացի: Հիմա էլ ի՞նչ ժամանակ տանք», - շարունակեց Կարապետյանը: - «Կասենք՝ արեք, չարեցին՝ իրենց գործն է, Աստված իրենց հետ: Մենք կանենք, մենք կարող ենք անել»:

Նրա խոսքերով, իրենց կուսակցությունը զանգվածային դիմում֊բողոքներ է ստացել Երեւանի բնակիչներից, ինչպես նաու Արմավիրի, Շիրակի մարզերից՝ հիմնականում սոցիալական խնդիրների շուրջ:

«Նրանք գիտեն, որ մենք պատերազմի դաշտում հաղթել ենք տանկերով, ինքնաթիռներով, տարբեր տեսակի հրազենով զինված թշնամուն: [Ոստի] Կարող ենք նաեւ Հայաստանում հաստատել արդարություն», - բացատրեց Կարապետյանը՝ ավելացնելով, թե, լինելով «հայ ժողովրդի ծառաներ ու զինվորներ», իրենք պատրաստ են ամեն զոհողության գնով ժողովրդին հանել աղքատ վիճակից. - «Աղքատությունը տասնապատիկ ավելի ծանր աղետ է, քան թե պատերազմը»:

Գարնանը գրանցված այս կուսակցությունում անդամներ կան ԵԿՄ հասարակական կազմակերպությունից: Երեք անգամ դիմել են «Հանրապետություն» կուսակցության ղեկավարությանը՝ միավորվելու, արձագանք առայժմ չեն ստացել:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG