Մատչելիության հղումներ

Հասարակական հարցումը վկայում է, որ մարդիկ չեն հավատում հակակոռուպցիոն ծրագրի արդյունավետությանը


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում այսօր ներկայացված «Կոռուպցիան Հայաստանում» հասարակական հարցման արդյունքներով, հարցվածների գրեթե կեսը (49,1 տոկոսը) համարում է, որ կոռուպցիայի մեջ ներքաշված իշխանությունը չի կարող ինքն իր դեմ պայքարել:

Հարցման արդյունքները վկայում են նաեւ, որ մարդկանց շրջանում որոշակի թերահավատություն կա կառավարության մշակած ու գործողության մեջ դրած հակակոռուպցիոն ծրագրի արդյունավետության նկատմամբ: «25,3 տոկոսը նշել է, որ չի հավատում: 4,9 տոկոսն է ընդամենը նշել, որ հավատում է», - հարցման արդյունքներից ներկայացրեց կենտրոնի փորձագետ Ստեփան Սաֆարյանը:

«Հարցվածների 42,8 տոկոսը համաձայնել է գնահատականի հետ, որ Հայաստանում կոռուպցիայի արմատները գերազանցապես քաղաքական են եւ պայմանավորված են իշխանության ձեւավորման օրինականությամբ», - շարունակեց Սաֆարյանը: - «Վիճահարույց ընտրություններ ունեցող երկրի պարագայում, բնականաբար, հասարակությունը համաձայնել է, որ իշխանությունները իշխանությունը ստանձնելուց հետո արտոնություններ եւ խրախուսանքներ են տալիս նրանց, ում օգնությամբ պահել կան ստացել են այդ իշխանությունը»:

Հարցման արդյունքներով, ամենակոռումպացված ոլորտը առողջապահական համակարգն է: Երկրորդ տեղում են դատարանները, երրորդում` բանակը:

Կաշառատվության վիճակագրությունը, ըստ հարցման, հետեւյալն է. վերջին վեց ամսվա ընթացքում հարցվածների շուրջ 30 տոկոսը տվել է 5-25 հազար դրամի կաշառք: 100 հազար դրամ եւ ավելի կաշառք են տվել հարցվածների 5,5 տոկոսը:

Հարկ է նշել, որ հարցվածների ճնշող մեծամասնությունը կաշառք չի համարում ծաղիկ, սուրճ կամ քաղցրեղեն նվիրելը:

Ամենամեծ կաշառքը, փորձագետի ներկայացմամբ, կազմել է 13 միլիոն դրամ: Կաշառատու քաղաքացին խոստովանել է, որ այդ գումարը բաժանվել է որպես ընտրակաշառք:

Ներկայացնելով ընտրակաշառքի վերաբերյալ արդյունքները, Ստեփան Սաֆարյանը ասաց. - «Հարցվածների 37 տոկոսին առաջարկվել է ընտրակաշառք, 62,7 տոկոսը պնդել է, որ իրենց ընտրակաշառք չի առաջարկվել»: Ընտրակաշառքի առաջարկություն ստացածների 66,4 տոկոսը հրաժարվել է դրանից, իսկ 32, 5 տոկոսը ընտրակաշառքը վերցրել է:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG