Մատչելիության հղումներ

Կիրակի օրը Եղվարդում կայացած ընտրությունները անվավեր են ճանաչվել


Թիվ 44 ընտրատարածքում անցած կիրակի կայացած Ազգային ժողովի պատգամավորի թափուր տեղի ընտրությունները անվավեր են ճանաչվել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից: Ըստ օրենքի, այստեղ կանցկացվի վերաքվեարկություն` թեկնածուների նույն կազմով:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Արշակյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ընտրությունները անվավեր են ճանաչվել, քանի որ արձանագրված անճշտությունների թիվը (58) ավելի մեծ է, քան երկու առաջատար թեկնածուների ստացած ձայների միջեւ տարբերությունը (32):

Վերաքվեարկությունը, ըստ Ընտրական օրենսգրքի, պետք է կայանա 10 օրից ոչ շուտ եւ 20 օրից ոչ ուշ: Չի բացառվում, որ հինգ թեկնածուներից երեքը հանեն իրենց թեկնածությունը՝ մրցապայքարը թողնելով երկու առաջատարներին` Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածու Արտակ Սարգսյանին եւ երկրի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ «Նիգ Ապարան» հայրենակցական միության աջակցությունը վայելող Արային Հայրապետյանին:

Հանձնաժողովի որոշումը նշանակում է նաեւ, որ երկու կողմից վիճարկված 21 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքը չի բացվի, եւ իրական պատկերը՝ երկու կողմից խախտումների մեղադրանքով, անհայտ կմնա` չհաշված աննախադեպ արագությամբ հարուցված քրեական գործը տեղամասային հանձնաժողովներից մեկի նախագահ, հանրապետության նախագահի ներկայացուցիչ Ռուզան Խաչիկյանի դեմ: Խոսքը չհրկիզվող պահարանում հայտնաբերված եւ թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին քվեարկված 200 քվեարթերթիկների գործի մասին է:

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը կիրակի դիտորդական առաքելություն է անցկացրել ընտրատարածքի բոլոր 31 տեղամասերում եւ, բացի ընտրախախտումների մանրամասն փաստերից, որոնք երեքշաբթի օրը նաեւ գրավոր ներկայացվեցին լրագրողներին, արձանագրել է Ընտրական օրենսգրքի դրույթներն անտեսելու եւ շրջանցելու, ընտրական հանձնաժողովների ոչ արհեստավարժ գործողությունների, անօրինական քարոզչության եւ ընտրողների ազատ կամարտահայտության իրավունքի ոտնահարման, ընտրատեղամասերի ներսում եւ դրսում բացահայտ քարոզչության, վստահված անձանց եւ ոստիկանության ներկայացուցիչների` իրենց իրավասությունների շրջանակում չգործելու եւ այլ ապօրինություների բազմաթիվ դեպքեր:

Կազմակերպության փոխնախագահ Խաչիկ Ոսկանյանի փոխանցմամբ, խախտումները կատարվել են գրեթե հավասարապես երկու հիմնական թեկնածուների օգտին:

Թեկնածուներից «Նիգ Ապարան» հայրենակցական միության անդամ Արայիկ Հայրապետյանի նախընտրական շտաբի ղեկավար Տիգրան Պետրոսյանցը համոզված է, որ կիրակի անցկացված ընտրությունը «կայացած է»:

«Կային բողոքներ, որոնց հիման վրա ամբողջովին փոխվում էր պատկերը»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց Պետրոսյանցը: - «Իրավունք» չուներ տարածքային հանձնաժողովը նման որոշում կայացնել»:

Նրա համոզմամբ, եթե բացվեին վիճարկված տեղամասերի արդյունքները, ապա կպարզվեր, որ «Արայիկ Հայրապետյանին ի վնաս 2000 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել»:

«Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար անդամ, Ազգային Ժողովի պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կուսակցությունում ինչպես ընդունեցին անվավեր ընտրության որոշումը, պատասխանեց. - «Մենք չենք կարող չընդունել այդ որոշումը»:

Մարգարյանի համոզմամբ էլ, բողոքարկված տեղամասերը բացելու դեպքում անպայման կհաղթեր իրենց թեկնածուն` Արտակ Սարգսյանը:

Ինչպես Պետրոսյանցը, այնպես էլ Մարգարյանը հավաստիացրին, որ իրենց թեկնածուները շարունակելու են մրցապայքարը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG