Մատչելիության հղումներ

Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով Բաքվում ձերբակալված ճապոնացին ազատ է արձակվել


Ադրբեջանի անվտանգության ծառայությունները, ըստ Բաքվից հինգշաբթի օրը ստացված հաղորդագրությունների, Հայաստանի օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալել էին Ճապոնայի մի քաղաքացու, ով սովորում է Երեւանի պետական համալսարանում: Ուրբաթ օրը Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի դեսպանության աշխատակիցը «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով ասաց, թե ճապոնիայի քաղաքացուն «պարզապես հրավիրել էին ոստիկանություն` զրույցի»:

«Դա ո'չ ձերբակալություն էր, ո'չ էլ կալանում», - ասաց դեսպանության ներկայացուցիչը:

Ադրբեջանական «Էխո» թերթը այսօրվա համարում գրել է, թե Բաքվի Սաբալիի շրջանի ոստիկանությունում կեսժամյա զրույցից հետո ճապոնացին ազատ է արձակվել:

Ըստ վրացական «Կովկաս Պրես» գործակալության, 28-ամյա ճապոնացին ձերբակալվել էր Բաքվում, երբ լուսանկարելիս է եղել քաղաքի կենտրոնական շենքերը, ինչը Ադրբեջանի իրավապահներին հիմք է տվել կասկածելու նրան Հայաստանի հետախուզության օգտին լրտեսություն կատարելու մեջ:

«Ճապոնացու համար ճակատագրական է եղել Երեւանի պետական համալսարանի ուսանող լինելու փաստը», - գրում է «Էխո»-ն: - «Ճապոնիայի դեսպանությունը հաստատեց, որ ձերբակալվածը իրոք սովորում է Երեւանի պետական համալսարանում»:

Ո’չ «Կովկաս Պրես»-ը, ոչ էլ «Էխո»-ն չեն նշել ձերբակալվածի անունը, սակայն «Հայոց աշխարհ» թերթը երեկ գրել էր, թե ձերբակալվածը Երեւանի պետական համալսարանի առաջին կուրսի ուսանող Օգավա Սինիավան է:


Լեոնիդ Զիլֆուղարյան եւ Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG