Մատչելիության հղումներ

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մոնիտորինգի հանձնախումբը գումարեց առաջին նիստը


Ուրբաթ օրը անդրանիկ նիստը գումարեց Կոռուպցիայի դեմ պայքարի` անցած ամսվա սկզբին ստեղծված մոնիտորինգի հանձնախումբը, որի աշխատանքներին մասնակցելուց հրաժարվել էին ընդդիմության ներկայացուցիչները` պնդելով, թե դա ընդամենը կոռուպցիայի դեմ պայքարի «իմիտացիա» ստեղծելու նպատակով է արվում:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ստեղծվել է նախագահ Քոչարյանի հրամանագրով` իրականացնելու կառավարության մշակած հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիրը: Մոնիտորինգի հանձնախմբին, որը գլխավորում է Կոռոպցիայի դեմ պայքարի հարցերով երկրի նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը, անդամակցում են Ազգային ժողովում ներկայացված իշխանամետ քաղաքական ուժերի մեկական ներկայացուցիչ, կառավարական պաշտոնյաներ, ինչպես նաեւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերը հրաժարվել են մասնակցել հանձնախմբի գործունեությանը` փաստարկելով, թե «կոռուպցիայի արմատը հենց իշխանությունն է»:

Մոնիտորինգի հանձնախմբի անդամներից մեկը` Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ էդիկ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե մինչ այժմ այդ պայքարի մասին ընդամենը խոսվում է:

«Ամենամոդայիկ բառը Հայաստանում հիմա կոռուպցիայի դեմ պայքարն է», - ասաց Բաղդասարյանը: - «Բոլորի բերանից կարելի է լսել` պատգամավորների, պաշտոնյաների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների [ներկայացուցիչների], բայց գործնական որեւէ բան դեռ չի արվել Հայաստանում… Չնայած լրատվամիջոցները բազմաթիվ փաստեր հրապարակում են»:

Մոնիտորինգի հանձնաժողովը կոչված է ուսումնասիրելու, թե ինչպես են կատարվում կառարավության ծրագիրը, միջազգային կազմակերպությունների առաջարկությունները եւ դրանց արդյունքները ներկայացնելու Կոռուպցիայի դեմ պայքար խորհրդին, ինչից հետո, Բագրատ Եսայանի խոսքերով, համապատասխան հանձնարարական է տրվելու համապատասխան գերատեսչությունը` տվյալ ուղղությամբ աշխատանքները «ավելի նպատակաուղղված դարձնել»:

Հանձնաժողովի անդամներից, օրինակ, Էդիկ Բաղդասարյանը փորձելու է ուսումնասիրություններից զատ, նաեւ կոնկրետ հարցեր բարձրացնել:

«Մյուս հանդիպմանը արդեն կոնկրետ ինչ-որ բաներ կբերեմ», - ասաց նա: - «Օրինակ` դեկտեմբերի ամսին [Երեւանի] քաղաքապետի ընդունած 150 որոշումները հողահատկացումներ կատարելու վերաբերյալ: Հունվարի 1-ից հողի կադաստրային արժեքը փոխվել է. այսինքն` դեկտեմբերին բաժանված հողերը հունվարի 1-ին թանկացել են: Պետությանը հսկայական` միլիոնավոր դոլարների վնաս է հասցվել: Ես պետք է առաջարկություն ներկայացնեմ` եկեք ուսումնասիրենք այս կոնկրետ փաստը»:

«Եթե որեւէ արձագանք չլինի, ես, բնականաբար, կասեմ` շնորհակալություն, ես հանձնաժողովում որեւէ անելիք չունեմ», - ավելացրեց Բաղդասարյանը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG