Մատչելիության հղումներ

Բողոքի ցույց՝ ընդդեմ սոցիալական քարտերի ներդրման


Մի քանի հարյուր մարդ հինգշաբթի օրը կեսօրի կիզիչ արեւի տակ հավաքվել էր Մատենադարանի առջեւ՝ «Ոչ համարակալմանը» գլխավոր կարգախոսի ներքո՝ ընդդեմ ընթացող սոցիալական քարտերի ներդրման: Քաղաքապետարանի թույլտվությամբ անցկացվող հանրահավաքի նախաձեռնողները Հայ արիների միաբանություն կուսակցությունն է եւ «Մխիթարիչ» հասարակական-֊բարեգործական կազմակերպությունը:

Հռետորները պահանջեցին ուժը կորցրած ճանաչել «Սոցիալական քարտերի մասին» եւ «Անհատական տվյալների մասին» օրենքները: «Մխիթարիչ» կազմակերպության նախագահ, նախկին պատգամավոր Խաչիկ Ստամբուլցյանը հանրահավաքականներին կոչ արեց՝ «բռնել իրենց պատգամավորներին, ստիպել, որ Սահմանադրական Դատարան դիմելու նախաձեռնություն ստորագրեն՝ օրենքների հակասահմանադրականությունը պարզելու համար»:

Սոցիալական քարտերի ներդրմանը դեմ հանդես եկողները համարում են, որ սոցիալական քարտի անհատական ու եզակի, ամբողջ կյանքի համար տրվող համարը նշանակում է համարակալում, եւ դա դեմ է քրիստոնեական դավանանքին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, սակայն, պաշտոնապես հայտարարել է, որ դա այդպես չէ: Ճնշման տակ, այդուհանդերձ, քարտերում բացառվեց 666 թիվը:

Այսօր հավաքվածների բողոքի մյուս թիրախը «Անհատական տվյալների մասին» օրենքի տասներեքերորդ կետն է, որով անհատական տվյալներն օտարերկրյա պետություններին կարող են փոխանցվել՝ միջազգային պայմանագրերից ելնելով:

Քարտերի ներդրումն ամենամեղմ ձեւով բնորոշելով որպես «ապազգային», պահանջեցին պաշտոնից ազատել սոցիալական հարցերով եւ աշխատանքի նախարար Աղվան Վարդանյանին, քննարկել Դաշնակցությունը նրա անդամակցության համապատասխանության հարցը:

Իսկ ով այստեղ հույս ուներ կոնցեպտուալ արվեստի՝ հեփենինգի ականատես լինել, հուսախաբ եղավ, որովհետեւ նախատեսված ակցիան, ինչը հաջողությամբ երկու անգամ արդեն իրականցվել էր Վանաձորի փողոցներում, Երեւանում չստացվեց:

«Դագաղը սոցիալական քարտերով եւ սոցիալական քարտի սեւ ժապավենով խոշոր նկարը, երբ փորձում էին բարձրացնել այստեղ, ոստիկանությունը առգրավեց, գողացավ՝ ավելի ճիշտ: Դագաղը բերող մեր տղաներից մեկին հիմա տարել են անհայտ ուղղությամբ», - ասաց Խաչիկ Ստամբոլցյանը: - «Այդ դագաղը պիտի տանեինք իշխանությունների դռան առջեւ, ասեիքն՝ էս ձեր մեռելը, էկեք տարեք»:

Հանրահավաքայինները վերջում հայտարարեցին, որ դագաղը նվիրում են ոստիկանությանը: Իսկ անհետացած երիտասարդը՝ Չարենցավանից Շահեն Ծատուրյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ավելի ուշ փոխանցեցին Հայ արիների միաբանություն կուսակցությունից, ով բերման էր ենթարկվել ոստիկանություն, ազատ է արձակվել:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG