Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյան. Եվրախորհուրդը պետք է իր խոսքը ասի մարդու հիմնարար ազատությունների վերաբերյալ


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Շավարշ Քոչարյանը, դրական գնահատելով երեկ վեհաժողովի լիագումար նիստում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթի Լեռնային Ղարաբաղին եւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հատվածները, համաձայն չէ ներհայաստանյան իրավիճակի մատուցումներին:

Նախագահի ելույթում ներհայաստանյան կացությանը վերաբերող դրույթները, ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, վկայում են, որ Հայաստանի իշխանությունները «շատ հեռու են եվրոպական չափանիշներից»: Դրա արտահայտություններից մեկը Շավարշ Քոչարյանը տեսնում է նրանում, որ հենց ԵԽԽՎ-ի ամբիոնից ասվեց, որ այդ կառույցը անհարկի է ներքաշվել հայաստանյան վերջին քաղաքական զարգացումների մեջ:

«Մի՞թե խոսքի, երթի, մարդու հիմնարար ազատությունները երկրի ներքին գործն են միայն: Դրանք հենց այն հարցերն են, որոնց մասին Եվրախորհուրդը պետք է իր խոսքը ասի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հինգշաբթի օրը ասաց Շավարշ Քոչարյանը:

«Այն, ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին եւ Թուրքիայի հետ հարաբերություններին, շատ հստակ, վերջապե'ս, հնչեց տեսակետ, որը ինձ համար միանշանական ընդունելի է», - շարունակեց նա: - «Հնչեց տեսակետ, որ դա ինքնորոշման խնդիր է, որ Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ, նշվեց գենեզիսը այդ ամբողջ պատմության: Այսինքն՝ վերջապես հստակ հնչում է այն, ինչը պետք է հնչի, եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ վեհաժողովում ձեւավորվել է շատ բացասական մթնոլորտ: Այդ ելույթը կարող է դեր կատարել ապագա աշխատանքի համար»:

Ընդդիմադիր պատգամավորը դրական գնահատեց նաեւ նախագահ Քոչարյանի ելույթում Թուրքիայի վերաբերյալ ասվածին, սակայն գալով Հայաստանի ընդհանուր արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթում արտացոլված մտքերին, ընդդիմության ներկայացուցիչը «կոպիտ» սխալ համարեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղվածությունը չնշելը:

«Գուցե դա սխալ էլ չէ, այլ Ռոբերտ Քոչարյանի պատկերացումն է այդպիսին», - ենթադրեց նա:

Շավարշ Քոչարյանը նկատի ունի կոմպլեմենտարիզմի սկզբունքը, ինչը, Հայաստանի դեպքում, ըստ նախագահ Քոչարյանի երեկվա ելույթի, արտահայտվում է խոշոր պետությունների հակասությունները հարթելու կամեցողությամբ:

«Այդ դեպքում ես չեմ հասկանում Հայաստանի արտաքին քաղաքականությունը», - ասաց Շավարշ Քոչարյանը՝ արտահայտելով սեփական կարծիքը, թե գոնե ԵԽԽՎ-ի ամբիոնից պիտի հայտարարվեր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքում եվրաինտեգրացման քաղաքականությունն է: - «Այդ դեպքում կոմպլեմենտարիզմը կընկալվեր որպես երկրորդական, ուղեկցող մոտեցում»:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG