Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն ձգտելու, որ վարչական կալանքի պրակտիկան Հայաստանում վերացվի արդեն այս տարի


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինի փոխանցմամբ, ԵԱՀԿ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի վարչական կալանքի պրակտիկան, որ Հայաստանի իշխանությունները առավել ակտիվ են սկսել կիրառել ընդդիմության աջակիցների նկատմամբ, արդեն ընթացիկ տարում վերացվի:

Չնայած Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ՝ բազմիցս հնչեցրած քննադատությանը, Հայաստանի իշխանությունները շարունակում են վարչական կալանքի ենթարկել մարդկանց: «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Վլադիմիր Պրյախինը ասաց, որ ինքը խնդրի շուրջ շատ բարդ եւ բովանդակալից խոսակցություն է ունեցել Հայաստանի արդարադատության նախարարությունում: Պրյախինի խոսքերով, Հայաստանի իշխանություններն էլ հասկանում են, որ վարչական կալանքներից պետք է հրաժարվել:

«Արդեն այս տարի՝ 2004 թվականին, մենք խնդիր են դրել հասնել այն բանին, որ իշխանությունները հրաժարվեն այդ պրակտիկայից», - ասաց նա:

Հարցին, թե արդյոք ընդդիմության ձերբակալված ակտիվիստները քաղաքակա՞ն բանտարկյալներ են, Վլադիմիր Պրյախինը պատասխանեց, թե նրանք, անկասկած, քաղաքական դրդապատճառներով են ձերբակալվել:

«Այդ ձերբակալությունները կապված են այդ անձանց քաղաքական գործունեության հետ», - ասաց նա՝ ավելացնելով, այդուհանդերձ, թե չի բացառվում, որ քաղաքական գործունեության ընթացքում ձերբակալվածները կարող էին կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար քրեական պատիժ է սահմանված:

«Բայց մենք ամեն դեպքում պնդում ենք, որպեսզի այդ մարդկանց դեմ հարուցված գործերը մանրակրկիտ ուսումնասիրվեն, որպեսզի բացառվի քաղաքական դրդապատճառներով նրանց հանդեպ կողմնակալ վերաբերմունք ցուցաբերելու հնարավորությունը», - շարունակեց Պրյախինը՝ ասելով նաեւ, որ ԵԱՀԿ-ն ամեն ինչ անում է, որպեսզի այդ մարդկանց գործերի քննությանը մասնակցեն անկախ դատապաշտպաններ :

Անդրադառնալով ընդդիմության ակտիվիստներից Արամազդ Զաքարյանին եւ Ժորա Սափեյանին ազատ արձակելուն, ԵԱՀԿ դեսպանը ասաց, թե նրանք ազատ են արձակվել նաեւ այն պատճառով, որ ԵԱՀԿ-ն եւ միջազագյին այլ կազմակերպություններ «անընդհատ խոսում էին այդ մասին»:

Վլադիմիր Պրյախինը նշեց, թե մյուս ձերբակալվածների գործերով եւս պետք է հանդիպի դատախազության ներկայացուցիչների հետ:

Դեռեւս կալանքի տակ գտնվողներին ազատ արձակելու հավանականության մասին ԵԱՀԿ դեսպանը ասաց, որ տվյալ պահին չի կարող որեւէ բան ասել:

«Ձերբակալվածների գործերում հանցակազմ որպես այդպիսին չկա կամ այն շատ աննշան է խափանման այդպիսի խիստ միջոց կիրառելու համար», - այդուհանդերձ ավելացրեց նա:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG