Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ Հայաստանի հարցի հրատապ քննարկման արդյունքում ընդունել է մի զեկույց, որը թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը կարող են որակել իբրեւ սեփական հաղթանակ եւ դիմացինի պարտություն: Եվ որքան էլ տարօրինակ հնչի՝ այդ պնդումներից յուրաքանչյուրը ճշմարտացի է», - գնահատում է «Հայկական ժամանակ» թերթը:- «Վեհաժողովի որոշման մեջ փաստորեն արտացոլվել են այն բոլոր բռնությունները, որ իշխանությունները կիրառել են սեփական քաղաքացիների նկատմամբ, եւ այն ապօրինությունները, որ նրանք թույլ են տվել: Մյուս կողմից, սակայն, վեհաժողովը արձանագրել է, որ 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումները էական ազդեցություն չեն ունեցել դրանց արդյունքների վրա, եւ որ այդ ընտրությունների արդյունքները ընդունվել են տեղական եւ միջազգային կառույցների կողմից: Բացի այս, խորհրդարանական վեհաժողովը ընդդիմությանը կոչ է արել զերծ մնալ «փողոցային հանրահավաքների միջոցով ընտրությունների արդյունքները փոխելու փորձերից» եւ հստակ դիրքորոշում չի արտահայտել Վստահության հանրաքվեի վերաբերյալ»:

«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեկ ընդունած փաստաթուղթը զսպաշապիկ է Հայաստանի իշխանության համար», - կարեւորում-շեշտում է «Առավոտ» թերթը: Մյուս կողմից վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, ինչպես փոխանցում է մասնավորապես «Հայոց աշխարհ» թերթը, «արդյոք Հայաստանի վերաբերյալ բացասակա՞ն որոշում է ընդունվել» հարցին պատասխանել է. - «Կարծում եմ՝ ճիշտ հակառակը։ Շատ լավ որոշում ընդունվեց Հայաստանի համար, որը տվեց բոլոր հարցերի պատասխանը... Մեծամասնությունը պաշտպանեց մեր բոլոր առաջարկությունները։ Քվեարկությունը տվեց հստակ գնահատական ե՛ւ երկու ընտրությունների արդյունքների վերաբերյալ, ե՛ւ այսպես կոչված՝ վստահության հանրաքվեի։ Սա է ամենից էականը»։

«Գոլոս Արմենիի» թերթում այսօր կրկին առաջ է մղված, թե Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչները Ստրասբուրգում գործում են ադրբեջանցիների հետ լիովին համաձայնեցված: Դրա վկայությունն է համարվում հատկապես այն, որ վերջիններս կողմ են քվեարկել Հայաստանի հարցը անհապաղ քննարկման առարկա դարձնելուն: Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը «Հայոց աշխարհ» թերթում այսօր ձեւակերպում է. - «Եվրախորհրդում նման գործընթացներով ընդդիմությունը կարող է փորձել միայն վարկաբեկել Հայաստանը, բայց չի հասնի իր նպատակներին... Ընդդիմությունը պետք է վերլուծի պատճառները՝ ինչու իր հրավիրած հանրահավաքներին չեկավ ոչ միայն սպասված 100 հազարը, այլեւ դրա քառորդը: Այս իրողությունից ընդդիմությունը պետք է հետեւություն անի եւ հասկանա, որ իր օրակարգն ու ժողովրդի ակնկալիքները ինչ-որ տեղ չեն համընկնում», - ընդգծում է Վահան Հովհաննիսյանը ու նաեւ ակնարկում. - «Այլընտրանք չկա, բանակցությունները վաղ թե ուշ տեղի են ունենալու: Պարզապես դրանք կարող են անցկացվել ընդդիմության համար նպաստավոր իրադրության մեջ՝ այսօր, վաղը, մյուս օրը: Բայց կարող են անցնել նաեւ աննպաստ պայմաններում՝ ինչ-որ ժամանակ հետո: Որովհետեւ ակնհայտ է՝ ժողովրդական ալիք բարձրացնելը ընդդիմությանը չհաջողվեց»:

Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը հարցին՝ «Ձեզ չի՞ զարմացնում, որ պատվիրակության համար այս ծանր օրերին Հայաստանի իշխանությունները չօգնեցին Ձեզ, միայն խանգարեցին՝ շարունակելով բռնությունները», պատասխանել է. - «Չի զարմացնում, տխրեցնում է»։ Այս առումով «Առավոտ» թերթն այսօր «Գելի գլխին ավետարան կարդացին» վերնագրի տակ նաեւ արձանագրում է. - «Մինչ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մտահոգություն էր հայտնում հատկապես վարչական կալանքի պայմանների, ոստիկանության եւ անվտանգության ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքների ոտնահարման, հավաքների եւ խոսքի ազատության վերաբերյալ, Հայաստանում օրերս մարդաորսը շարունակվում էր»:

«Երբ մեր իշխանություններին պետք է, նրանք մեծագույն հաճույքով վկայակոչում են արեւմտյան փորձագետների տեսակետները: Երբ ձեռնտու չէ, հպարտ կեցվածք են ընդունում՝ նրանք ո՞վ են, որ մեզ խելք սովորեցնեն: Հանրահավաքները ճնշելու մասին օրենքի դեպքում ընտրվել է երկրորդ տարբերակը», - անդրադարձել է այսօր «Առավոտ»-ը՝ ձեւակերպելով. - «Խորհրդարանը երեկ օրինականացրեց ցուցարարներին ամենաբարբարոսական եղանակներով ցրելու ոստիկանների գործողությունները»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG