Մատչելիության հղումներ

Մոնիտորինգի հանձնախումբը պատրաստում է լիագումար նիստում քննարկվելիք փաստաթուղթը


Այսօր Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնախմբի նիստը, որում քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող փաստաթուղթը՝ այն չորեքշաբթի կայանալիք լիագումար նիստում ներկայացնելու համար:

Քննարկմանը մասնակցել մասնակցել են Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), «Արդարություն» խմբակցության անդամ Շաբարշ Քոչարյանը եւ Ազգային ժողովի փոխխոսնակ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը, թեեւ վերջին երկուսը մոնիտորինգի հանձնախմբի անդամներ չեն:

Քննարկված փաստաթղթերը գաղնտազերծվելու են միայն այսօր ուշ երեկոյան, ուստի հայ պատգամավորները հակված չէին մանրամասներ հաղորդել: Նրանց խոսքերից, այդուհանդերձ, պարզ դարձավ, որ նիստի ժամանակ բավական լուրջ պայքար է ընթացել Հայաստանը ներկայացնող իշխանամետ եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ:

Բանավեճի նյութ են ծառայել փաստաթղթի մի քանի կետեր: Օրինակ, առաջին կետում արձանագրված է եղել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը վերանայել է իր որոշումը վստահության հանրաքվեի վերաբերյալ: Դրան հակառակվել է Շավարշ Քոչարյանը՝ պնդելով, թե Սահմանադրական դատարանը նման որոշում չի կայացրել, իսկ անցած գարնանը ընդունած որոշումն էլ «վերջնական է եւ վերանայման ենթակա չէ»:

Ընդդիմադիր պատգամավորը կասկածի տակ է առել նաեւ փաստաթղթի այն դրույթը, թե Հայաստանի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները «հաստատվել են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից»: Շավարշ Քոչարյանը ասել է, թե միջազգային կազմակերպությունները հայտարարել են, որ «ընտրությունները չեն համապատասխանել միջազգային ստանդարտներին»:

Մոնիտորինգի հանձնախումբը վաղը կրկին կքննարկի արդեն գաղտնազերծված փաստաթուղթը, որում կան նաեւ հայաստանյան վերջին իրադարձությունները դատապարտող դրույթներ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Շավարշ Քոչարյանը եւ դա չհերքեց Արմեն Ռուստամյանը, փաստաթղթում նշվում է նաեւ Հայաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին:

Շավարշ Քոչարյանի փոխանցմամբ, փաստաթղթում արձանագրված է, որ եթե իրավիճակը չշտկվի, ապա վեհաժողովի հունիսյան նստաշրջանում արդեն կարող է դրվել Հայաստանի կամ Հայաստանի պատվիրակության լիազորությունների կասեցման հարցը:



Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG