Մատչելիության հղումներ

Երեւանի իշխանությունները «ոչ նպատակահարմար» են գտնում հանրահավաքի անցկացումը


Մայրաքաղաքի իշխանությունները չեն արտոնել ապրիլի 9-ին Ազատության հրապարակում ընդդիմության համատեղ հանրահավաքի կամ, ինչպես ընդդիմադիրներն իրենք են անվանում՝ ընտրողների հետ հանդիպման անցկացումը:

Ի պատասխան «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի գրության միջոցառման ժամանակ հասարակական կարգը պահպանելու նպատակով անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, Երեւանի քաղաքապետարանից ստացված գրությամբ տեղեկացվել է, որ մայրաքաղաքի իշխանությունները «հանրահավաքի անցկացումը գտնում են ոչ նպատակահարմար»:

Փաստարկված է, թե Երեւանի բնակիչներն են դժգոհել, որ երթերի եւ այլ հրապարակային միջոցառումների ժամանակ խաթարվում է մայրաքաղաքի բնականոն կյանքը: Բացի այդ, հաշվի է առնվել Կենտրոն համայնքի ավագանու արտահերթ նիստում ընդունած ուղերձը՝ ցույցերի եւ երթերի արտոնման հարցում «հնարավորինս ձեռնպահ մնալ», որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ «նման միջոցառումները բացասական ազդեցություն են ունենում համայնքային բյուջեի կատարման, համաքաղաքային ծրագրերի իրականացման վրա»:

Վիկտոր Դալլաքյանի խոսքերով, սակայն, իրենք քաղաքապետին դիմել են ընտրողների հետ պատգամավորների հանդիպում, այլ ոչ թե հանրահավաք անցկացնելու համար, եւ ընտրողների հետ հանդիպումը կայանալու է:

«Ապրիլի 9-ին, ժամը 16-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների հանդիպումը քաղաքացիների հետ, քանի որ դա Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 26-րդ հոդվածի պահանջն է», - ասաց Դալլաքյանը:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը եւ Վիկտոր Դալլաքյանը հնարավոր սադրանքների վերաբերյալ արդեն տեղեկություններ են ստացել հավաստի աղբյուրներից:

Ոստիկանության աշխատակիցները, մինչդեռ, որոշակի միջոցառումներ են իրականացնում ապրիլի 9-ին «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» ընտրողների հետ համատեղ հանդիպումից առաջ: Մարզերում սկսել են հավաքել փոխադրամիջոցները: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Ազգային միաբանություն» կուսակցության Արտաշատի տարածքային կառույցի քարտուղարը, այսօր առավոտվանից ոստիկանության աշխատակիցները հավաքում են անձնական օգտագործման մարդատար ավտոմեքենաներն ու միկրոավտոբուսները:

Նոր ձերբակալություններ անցած օրվա ընթացքում, «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, չեն եղել: Այդուհանդերձ, դատարանի որոշմամբ՝ անցած շաբաթ Գլխավոր դատախազության հարուցած քրեական գործի շրջանակներում, խուզարկություն է անցկացվել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամազդ Զաքարյանի բնակարանում: Խուզարկությունը հիմնավորվել է ենթադրությամբ, թե Զաքարյանի բնակարանում կարող են լիներ գրավոր ծրագրեր իշխանությունը, սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու վերաբերյալ, զենք եւ զինամթերք: Բնակարանից առգրավվել են 6 տեսաերիզ, ձեռագիր հոդվածներ, այլ փաստաթղթեր:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG