Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Երկիր» թերթն այսօր ձեւակերպում է՝ «Ներքաղաքական լարվածությունը դանդաղ, բայց հաստատուն քայլերով մոտենում է այն սահմանագծին, որից հետո սթափության ցանկացած կոչ, ողջամտության որեւէ փաստարկ այլեւս կարող է անիմաստ ու անօգուտ լինել»: «Ամենավտանգավորն այն է, որ ոմանք իշխանություն֊ - ընդդիմություն բաժանումը ամեն կերպ ուզում են տեղափոխել ժողովրդի մեջ՝ հասարակությանն էլ արհեստականորեն բաժանելով իշխանություն ֊ ընդդիմություն բաժանարարով»: «Երկիր»-ի մատնաշնմամբ՝ «Զույգ կողմերում գործող ապաքաղաքական տարրերն ամեն ինչ անում են, որպեսզի խորանա անվստահության մթնոլորտը, որպեսզի հասարակության մեջ առաջանա տագնապի եւ բախման անխուսափելիության տրամադրություն… Գործի են դրվում բամբասանքի, խոսք տանել֊-բերելու, հրահրելու, «թասիբի» գցելու, դիմացի կողմում խուճապի կամ վճռական հարված հասցնելու պատրաստակամության մասին «լուրերը»: Ուստի», ֊- շեշտված է «Երկիր»-ում», - «մինչ երկխոսություն սկսելը, որի մասին այդքան շատ խոսվում է, անհրաժեշտ է լարվածության զույգ բեւեռներում բացառել սադրանքներ արտադրողներին»:

«Պատերա՞զմ եք ուզում, կստանաք պատերազմ», ֊- ավելի կտրական արձագանքվում է «Հայոց Աշխարհ» թերթում, որի մեկնաբանի հայացքով՝ «Ի՞նչ է ուզում ներկա ընդդիմությունը՝ բացի իշխանությունից» հարցի միակ պատասխանը «ոչինչ» բառն է. - «Ընդդիմության ղեկավարներն էլ չունեն քաղաքական թիմ ու հավատամք, արտաքին քաղաքականությունից ու տնտեսությունից ոչինչ չեն հասկանում»:

«Շարունակվում է պետական քարոզչամեքենայի՝ ավելի ու ավելի գեբելսյան պրոպագանդայի նմանվող աշխատանքը, որի նպատակն է սեւացնել ընդդիմությանը եւ բնակչության ուղեղները մտցնել «մեր դեմ խաղ չկա» գաղափարը», ֊- նշում է այսօր «Իրավունք» թերթի մեկնաբանը: - «Իսկ ընդդիմության եւ նախագահական նստավայրի միջեւ առճակատումը գնալով ավելի ու ավելի է սրվում, եւ երեւի թե արդեն թեւակոխում է մի փուլ, երբ բախումն անխուսափելի է թվում…»: Մեկնաբանի դիտարկմամբ՝ «ավելի ու ավելի վճռորոշ են դառնում հոգեբանական գործոնները, եւ այս առումով, իշխանությունը գնում է ավելի ու ավելի ոչ ռացիոնալ քայլերի»:

«Հայկական Ժամանակ» թերթում եւս զարգանում է այն գնահատականը, որ «իշխանությունները վախից անհեթեթ քայլեր են անում»:

«Այբ Ֆե» թերթի մեկնաբանի դիտարկումներով՝
«իշխանափոխության գլխավոր քայլն արված է՝ Արտաշես Գեղամյանն այդ հարցում այլեւս տարաձայնություններ չունի Ստեփան Դեմիրճյանի հետ». - «Սակայն իշխանափոխության տեխնիկական մասի ապահովումն ընկած է «Հանրապետություն» կուսակցության վրա: Հենց նա է ապահովելու հասարակության մեջ իշխանափոխության գնալու ռիսկի չեզոքացումը»: «Ձերբակալություններ եւ կրակոցներ սկսելու համար իշխանությանն անհրաժեշտ է, որ միտինգավորների մեջ լինեն սադրողներ, ովքեր պետք է ապահովեն հարձակումը նախագահի ապարատի մոտ կանգնած ոստիկանների վրա: Իսկ եթե սադրանք էլ չլինի, ոստիկանները, միեւնույն է, կհարձակվեն ժողովրդի վրա եւ կսկսեն ծեծել»,֊ - համոզված է մեկնաբանը: Նա վստահ է, որ իշխանությունն, ամեն դեպքում, ուժի դիմելու է: «Այնպես որ, ընդդիմությանը մնում է ունենալ հստակ ծրագրեր, թե ինչպես են վարվելու, եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը դիմեն ուժի», ֊- որոշակիացնում է «Այբ Ֆե»-ի մեկնաբանը՝ դեպի իշխանափոխություն այս հարցի պատասխանը սակայն գոնե առայժմ չտեսնելով:

«Դուք գերագնահատում եք իրենց հնարավորությունները», ֊- «Առավոտ»-ի թղթակցին ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: «Նորից եմ կրկնում, այս իշխանություններն ինչ անեն՝ ընդդեմ իրենց է ուղղվելու, որովհետեւ խախտել են հիմնական սկզբունքը: Այս իշխանությունը չունի ոչ արտաքին, ոչ ներքաղաքական ռեսուրս: Ես հանդիպել եմ Եվրախորհրդի Կովկասի գծով հանձնակատարի, մի շարք այլ եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ, եւ եվրոպացիք իրենց պահվածքով ու մոտեցումներով ամբողջովին ընդդիմության կողմնակիցն էին, եւ քննադատությունների այն ցանկը, որ ես ներկայացնում էի, իրենք ոչ թե հերքում, այլ լրացնում էին», -֊ հավաստում է Արամ Սարգսյանը:

Իշխանության ռեսուրսների առումով առանձնանում է Դաշնակցություն ֊հանրապետականներ չմարող հակադրությունը՝ ջրային տնտեսությունում վարկերի օգտագործման օրինականության հարցի շուրջ: «Վարչապետը խուսափեց երկրում մեկ առանձին ոլորտում եղած իրական վիճակի ախտաճանաչումն ընդունելուց եւ հովանու տակ առավ իր նորանշանակ խորհրդականին՝ լոկ «մունդիրի» պատիվը պահելու համար», -֊ տարակուսում է Դաշնակցության պաշտոնաթերթի մեկնաբանը: - «Հնարավոր էր պատկերացնել, որ մեր երկրում պետական բարձրագույն ղեկավարությունը կարող է ցանկացած միտք հայտնել, բայց այն, որ քաղաքական կազմակերպությունը մեղադրվում է կոռուպցիայի դեմ պայքարում հետեւողական լինելու մեջ՝ արդեն վեր է ցանկացած երեւակայությունից»:

«Առավոտ» թերթը «Համեստ ապրելակերպ» խորագրի տակ է տեղավորել երեկվա հերթական զինյալ բախման մասին լուրը, որին մասնակից են եղել պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, պատգամավոր, ԵԿՄ Երեւանի տարածքային կազմակերպության ղեկավար Հակոբ Հակոբյանի եղբորորդին, Մալաթիա-֊Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդիները եւ բարձրաշխարհիկ այլ անձինք:

«Առավոտի» տեղեկություններով, վերջերս Ռոբերտ Քոչարյանը ՀՀ Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին դեմ է տվել նախագահի Վերահսկողական ծառայության ի հայտ բերած մի կեղծ փաստաթուղթ, որը տրվել է ՍԴ աշխատակազմի կողմից: Եվ որի հիման վրա ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի որդին՝ Արթուր Ղազինյանը մասնակցել էր Քաղծառայության համակարգում թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթին եւ ապա նշանակվել ծառայության Խորհրդի արտաքին հարաբերությունների վարչության պետ: «Առավոտ»-ի փոխանցմամբ, Քաղծառայության խորհրդի նախագահ Բադալյանը հաստատել է, որ նման փաստ արձանագրվել է, եւ Ղազինյանի դեպքը շուրջ տասն այդպիսի փաստերից միայն մեկն է»:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG