Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը «բավականաչափ լարված» է համարում ներքաղաքական իրավիճակը


Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը լրագրողներին ասաց, որ ներքաղաքական իրավիճակը երկրում բավականաչափ լարված է համարում՝ ավելացնելով, թե իշխանությունը պարտավոր է պահպանել օրինականությունը: Նախարարը նաեւ վստահություն հայտնեց, որ կա խաղաղ հանգուցալուծման հնարավորություն:

Սերժ Սարգսյանը լրագրողների հարցերին պատասխանեց Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանից հետո:

Խորհրդարան եկած վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, սակայն, մեծ լարվածություն չի տեսնում: Լրագրողի դիտարկմանը, թե պաշտպանության նախարարը լարված է համարում իրավիճակը, վարչապետը պատասխանեց. -«Ես էլ ասացի՝ որոշակի լարվածություն կա, բայց ոչ այնպիսի լարվածություն, որ մեր երկիրը գլորվում է անդունդը, սահմանադրական կարգերին վտանգ է սպառնում»:

Պատասխանելով արմատական ընդդիմության եւ իշխանական կոալիցիայի կուսակցությունների միջեւ բանակցություններին (Անդրանիկ Մարգարյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը երեկ հայտարարել էր, թե համաձայն է նման երկխոսության), վարչապետը ասաց, թե ընդդիմադիրները երկխոսությունը պատկերացնում են միայն իշխանափոխությունից հետո:

«Մենք հրաժարվում ենք իշխանափոխության մասին իրենց հետ քննարկումներ կատարելուց», - ասաց Անդրանիկ Մարգարյանը: - «Իրենք էլ ասում են՝ եկեք քննարկենք: Բնական է, որ մենք չենք գնալու, իրենք էլ այնպիսի խնդիր են առաջ քաշում, որը անհնար է կատարել եւ դրանով ցանկանում են հիմնավորել իրենց գործողությունները»:

Սերժ Սարգսյանին զարմացրեց լրագրողների հարցը, թե օրերս երկրի մի քանի տասնյակ գործարարների հայտարարությունը ներկա իշխանություններին աջակցելու վերաբերյալ պարտադրված է եղել վերջիններիս կողմից: Գործարարների մտավախությունը, ըստ նախարարի, հասկանալի է. - «Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ էնշանակում կապիտալ ներդնել: Դուք չեք հասկանում դա», - ասաց պաշտպանության նախարարը: - «Մարդը տարիների ընթացքում կուտակել է որոշակի միջոցներ եւ ներդրել է մի տեղ: Եվ վաղը 50-100 խուժան կարող են մտնել այդտեղ եւ ասել՝ սա իմն է: Հասկանո՞ւմ եք մարդու անհանգստության պատճառը»:

Հարկ է նշել, սակայն, որ իշխանափոխություն պահանջող ընդդիմությունը մասնավոր սեփականությունը առգրավելու մասին հայտարարություններով հանդես չի եկել:

Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների պարզաբանմանը, թե «ողնաշար ջարդելու» մասին արտահայտությունը փոխաբերական իմաստով է ասվել (ոչ թե կոնկրետ մարդու, այլ՝ ղարաբաղյան կլանի ողնաշարը), Սերժ Սարգսյանը ասաց, թե ինքն ուրախ է, որ իր արձագանքից հետո «լեղապատառ» փոխեցին իրենց խոսքը:

«Այդ դեպքում, իմ ասածն էլ փոխաբերական էր», - ասաց նա: - «Ինչ վերաբերում է սատկացնելուն, ջարդելուն, ես տեսնում եմ, որ կան մարդիկ, ովքեր ձեռքները շփում են: Բայց մենք, ես նկատի ունեմ իշխանությունները, այդպիսի ցանկություն չունենք, մեր նպատակը չէ ձեռք շփելը»:

Իշխանությունը, պաշտպանության նախարարի խոսքերով, պարտավոր է պահպանել օրինականությունը եւ այդպես էլ անելու է. - «Բայց դուք պետք է հասկանաք, որ այդ մարդիկ ասում են, որ արյուն ենք թափելու: Հանրահավաքը արյուն թափելու հետ ի՞նչ կապ ունի»:

Սերժ Սարգսյանը նկատի ունի այսօր Ազգային Ժողովում հրավիրած մամուլի ասուլիսում ընդդիմադիրներից Արշակ Սադոյանի հայտարարությանը, թե իշխանություններին վերջնագիր է ներկայացվում՝ մինչեւ ապրիլի 12-ի ժամը 12-ը: Եթե իշխանությունները որոշում չկայացնեն վստահության հանրաքվե անցկացնելու մասին, ապա, Սադոյանի խոսքերով, հնարավոր բախումների, արյունահեղության պատասխանատվությունը մնում է հենց իշխանությունների վրա:

Սերժ Սարգսյանը նաեւ հիշեցրեց, որ Արշակ Սադոյանը «արյունահեղություն էր սադրել նաեւ 1996 թվականին» եւ դրանից հետո հայտնի չէ, թե որտեղ թաքնվում էր բավականին ժամանակ:

«Մենք ուրիշ տեղից չենք եկել: Բոլորս էլ շատ լավ ճանաչում ենք բոլորին», - ակնարկեց պաշտպանության նախարարը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG