Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված կապուղիների վերաբերյալ արձանագրությունը ամրագրում է փոխադարձ պարտավորություններ


Հեռահաղորդակցության միջազգային միության (International Telecommunications Union - ITU) պահանջով այդ կազմակերպությանն անդամակցող բոլոր երկրները մինչեւ մայիս պիտի հարեւան երկրների հետ կապուղիների «գույքագրում» անցկացնեն: Դա պայմանավորված է նրանով, որ առնվազն Եվրոպան մոտակա տարիներին անցնում է հեռարձակման բոլորովին նոր՝ թվայնացված տեխնիկայի:

Օրերս Ռուսաստանի մայրաքաղաքում Հայաստանի հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնի եւ Արդբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչները, ի կատարումն ITU-ի այդ պահանջի, ստորագրել են համապատասխան արձանագրություն:

Ադրբեջանական լրատվամիջոցները, մինչդեռ, օրերս լուր էին տարածել, թե երկրի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը «կարեւոր քայլ է» կատարել հայաստանյան հեռուստահաղորդումների հեռարձակումը Ադրբեջանում կանխելու ուղղությամբ: Հաղորդվել է, թե «հակադրբեջանական քարոզչություն տարածող հայկական հեռուստակայանները համաձայնել են դադարեցնել հեռարձակումը»:

Հայաստանի հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնի տնօրեն Աշոտ Վերդյանի փոխանցմամբ, մարտի 5-ին Մոսկվայում իր ղեկավարած կառույցի փոխտնօրեն Կուրբանյանի եւ Ադրբեջանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչ Աբդուլաեւի ստորագրած արձանագրությունը փոխադարձ պարտավորություններ է ամրագրում: Կողմերը պայմանավորվել են փոխել համապատասխան հաղորդակների պարամետրերը, որպեսզի մետրային եւ դեցիմետրային կապուղիներով հեռարձակվող հեռուստատեսային կամ ռադիոհաղորդումները չհասնեն հարեւան երկրի տարածք: Ադրբեջանից Հայաստան հասնող նման կապուղիները 7-ն են, իսկ Հայաստանից Ադրբեջան հասնողները՝ 3-ը:

Հայաստանի դեպքում խոսքը Նոյեմբերյանից, Իջեւանից ու Բերդից հեռարձակման մասին է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Աշոտ Վերդյանը հավաստեց, որ դրանցից երկուսը դեռ չեն էլ գործում, իսկ Բերդինը Հայաստանը համաձայնել է փոխել համապատասխան պարամետրերը այնպես, որ հեռարձակումը Ադրբեջանի տարածք չհասնի:

Հայաստանը նման արձանագրություններ արդեն ստորագրել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի հետ: Մինչեւ մայիս արձանագրություններ պիտի ստորագրվեն նաեւ Վրաստանի եւ Թուրքիայի հետ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG