Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն դիտարկում է Հայաստանին հերթական վարկ հատկացնելու հնարավորությունը


Ինչպես երեքշաբթի օրը հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի երեւանյան գրասենյակը, Հայաստանը կարող է ստանալ այդ միջազգային ֆինանսական կառույցի եւս մեկ՝ 14 միլիոն դոլարի վարկ:

Տարածված հայտարարության մեջ ասվում է, որ այս ամիս ավելի վաղ Հայաստան այցելած ԱՄՀ-ի աշխատակազմի թիմը «նախնական պայմանավորվածություններ» է ձեռք բերել կառավարության պաշտնոյաների հետ Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի (ԱԿՏԱ)՝ 100 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ վարկի վեցերորդ չափաբաժնի հատկացման պայմանների շուրջ:

«Եթե հետագա մի քանի օրերի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեն առկա հարցերի վերաբերյալ եւ եթե ծրագիրը հաստատվի կառավարության կողմից, ապա Հիմնադրամի Գործադիր խորհուրդը կարող է քննության առնել ստուգման ամփոփումն ապրիլ ամսին: Սա Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կտա ապրիլի վերջերին կամ մայիսի սկզբներին ստանալու ԱԿՏԱ ծրագրի վեցերորդ չափաբաժինը», - ասված է հայտարարության մեջ: - «Անհրաժեշտ կլինի շարունակել հարկային եւ մաքսային ընթացակարգերի բարելավման միջոցառումների շուրջ քննարկումները, ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից հաշվետվությունների ներկայացման համակարգի կայացումը, համապատասխան քայլեր ձեռնարկել հիպոթեքային շուկայի զարգացումը խթանելու ուղղությամբ եւ ապահովել բարեփոխումների անհապաղ իրագործումն էներգետիկ հատվածում»:

Նշված վարկի շրջանակներում, որ մեկնարկել է 2001 թվականի մայիսին, Հայաստանը արդեն ստացել է շուրջ 72 միլիոն դոլար:

Այս վարկի շրջանակներում վերջին անգամ չափաբաժին է հատկացվել անցած նոյեմբերին ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Քյոհլերի այցից հետո: Վերջինս, գնահատելով Հայաստանի՝ վերջին տարիների տնտեսական աճի տեմպերը, կառավարությունը հորդորել էր շարունակել «նույն ոգով»:

«Ըստ նախնական տվյալների, բարեփոխումների ծրագիրն ընդհանուր առմամբ ընթանում է նախատեսված հունով, եւհ իմնական նպատակային ցուցանիշները կատարվել են», - ասված է հայտարարության մեջ: - «2003 թվականին Հայաստանը շարունակել է օտարերկրյա ռեսուրսների մեծածավալ ներհոսք ստանալ սփյուռքի մի մասնավոր հիմնադրամից եւ բազմակողմ դոնորներից: Գործարար մթնոլորտը նույնպես բարելավվել է, որը նպաստել է ներդրումների ավելացմանը»:

ԱՄՀ-ն միաժամանակ նշում է, որ «վերջին ժամանակաշրջանի աղքատության եւ զբաղվածության ցուցանիշների վերաբերյալ բավարար տեղեկատվություն չկա»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG