Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ըստ էության, քաղաքական տարին մեկնարկեց հենց փետրվարին, եւ դարուփոսերից շատերը, որոնց վրայով մենք շուտով ստիպված կլինենք ցատկել (իսկ գուցեեւ սայթաքել), ի հայտ կգան հենց այստեղ», - արձանագրում է այսօր «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը՝ մատնանշելով, որ մեծ հաշվով անորոշություն է տիրում բոլոր հիմնարար հարցերում։ «Ոչ ոք չի համարում, որ ամեն ինչ պետք է թողնել ինչպես կա։ Սակայն բոլորի եռանդը մարում է հանդիպակաց հարցից. իսկ կոնկրետ ի՞նչ անել», - գրում է մեկնաբանը։ - «Հայացքը խոնարհած է, ձեռքերը՝ տարածած, դեմքին՝ հուսալքություն, շուրթերը ինչ-որ անհասկանալի բան են քրթմնջում»։ Կառավարության մասին հարցը, բնակչության սոցիալական վիճակի, կոռուպցիայի դեմ պայքարի, երկրում ժողովրդավարության մակարդակի մասին հարցերը մնում են օդում կախված: Պատասխան չկա եւ՝ թե ընդդիմության որ պահանջները բավարարել, ինչ զիջումների գնալ, ինչ առաջարկել, ինչ փոխել, ինչպես հաղթահարել անձնական թշնամանքը: «Բոլոր այս հարցերի պատասխանները վերջին հաշվով կախված են մեկ մարդուց՝ նախագահից», - ամփոփել է «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը։ - «Ծանր է թագավորական գործը։ Ոչ մեկին չես ցանկանա։ Հերիք չէ՝ ամեն ինչ պիտի միայնակ վճռես, դեռ մի բան էլ անհրաժեշտ է ձեւացնել, թե իմի ես բերում էլիտաների հակադիր կարծիքները։ Հավասարակշռություն ես պահպանում։ նում փոխզիջման։ Հասկանալի չէ միայն, թե ում հետ»։

Ավարտվող շաբաթվա դրսեւորումները «Իրավունք» թերթում քննվում են «Ո՞վ կարող է դառնալ Ռոբերտ Քոչարյանի այլընտրանքը» վերնագրի տակ: Իշխանական ուժերի խորացող տարամետության ու ընդդիմության դիրքորոշման կարծրացման ֆոնի վրա մեկնաբանը մասնավորապես շեշտադրում է. - «Բոլոր դեպքերում իմաստազուրկ է պնդումը, թե Ռոբերտ Քոչարյանը այլընտրանք չունի: Ամենատարբեր սցենարների դեպքում այլընտրանքային ֆիգուրներ կան ե'ւ ընդդիմադիր, ե'ւ իշխանամետ դաշտերում, առավել եւս, որ իշխանական ամբողջ դաշտում այժմ ընթանում է մրցակցություն, թե արտահերթ կամ հերթական նախագահական ընտրություններին ով է լինելու Ռոբերտ Քոչարյանի ժառանգորդը»:

«Քաղաքական պայքարն իր տրամաբանությունն ունի: Սովորաբար բոյկոտը ճիշտ տարբերակ է համարվում այն դեպքերում, երբ համաժողովրդական պայքարի ալիքի վերելքի շրջան է», - անդրադառնում է այսօր «Այբ-Ֆե» թերթը: - «Մեր ընդդիմադիրները, թերեւս, դեռ թվաբանությունը չեն ավարտել: Այդուհանդերձ, տեսանելի է, որ քաղաքական իրադարձությունների հիմնական թատերաբեմն առաջիկայում հրապարակն է լինելու: Հրապարակում է հանգուցալուծվելու քաղաքական պայքարը»:

«Այն, որ վաղ թե ուշ «Ազգային միաբանություն»-ը հաշտվելու էր «Արդարության» հետ, կասկած չէր հարուցում՝ ընտրություններն անցել են, մրցակցություն չկա, հետեւաբար՝ առայժմ չկա նաեւ կիսելու բան», - ուրվագծում է «Առավոտ» թերթի խմբագրականը: - «Բայց մի քանի ուղղություն-շարասյունով գործելու ընդդիմության մղումն էլ սոսկ գաղափար է, որն ամեն դեպքում չի կարող մինչեւ վերջ համախմբել նրանց: Խնդիրն այն է, որ ընդդիմության ներկայացուցիչները պարբերաբար կասկածում են իրար՝ գործող իշխանությունների հանդեպ տածած իրական կամ երեւակայական սիրո մեջ: Այդպես կարող են այսուայնկողմ նետվել կամ անգամ միմյանց դեմ դուրս գալ ընդդիմադիր այս շարասյուները, քանի դեռ իրենց ներսում չհայտնաբերեն այն «հինգերորդ էլեմենտը»: Ըստ «Առավոտ»-ի, «5-րդ շարասյան» ամենահարմար թեկնածուն, Արամ Կարապետյանն է: Նա մի կողմից «Առավոտ»-ի հետ գրազ է գալիս, որ Քոչարյանն իր պաշտոնում չի մնա մինչեւ 2008 թվականը, իսկ մյուս կողմից էլ համարում է, որ ընդդիմության հանրահավաքներն անիմաստ են, պնդում է, որ ընդդիմությունը լիդեր չունի, որ այն պետք է կառուցողական լինի եւ այլն:

«Հայկական ժամանակ» թերթի բնութագրմամբ, նախագահի կողմից օմբուդսմեն առաջադրված Լարիսա Ալավերդյանը «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենն է եւ Քոչարյանի հայրենակիցը լինելուց բացի, հայտնի նաեւ նրանով, որ գրանտային սեմինարներ եւ կոնֆերանսներ կազմակերպելու գործով նրա ղեկավարած հասարակական կազմակերպությունն առաջամարտիկ է: «Քանի որ վերջինիս հիմնական գործունեությունն իրավական կամայականությունների դեմ պայքարելն է, իսկ Հայաստանում նման կամայականությունների կարելի է հանդիպել յուրաքանչյուր քայլափոխի, երեկ մենք տիկին Ալավերդյանից փորձեցինք ճշտել՝ 1991 թվականից մինչեւ օրս, իր ղեկավարած կազմակերպությունն արդյո՞ք իրավական կամայականություն դրսեւորած որեւէ դատավորի կամ արդարադատության համակարգի որեւէ այլ չինովնիկի հայտնաբերել է», - ուշադրություն է սեւեռում «Հայկական ժամանակ»-ը: - «Պարզվեց, ուղիղ 13 տարի տիկին Ալավերդյանին հանդիպում են բացառապես հրեշտակ իրավապահներ»:

Ամիսներ շարունակ իբրեւ մարդու իրավունքների պաշտպանի ամենահավանական թեկնածու նշվում էր Ալվարդ Պետրոսյանի անունը: «Հայոց աշխարհ» թերթում այսօր ներկայացվող հարցազրույցում նա ասում է. - «Այդ տեղին ես հավակնում էի: Լրագրողները հարցրին ու ես նրանց էլ շիտակ ասացի՝ «այո, ուզում եմ» եւ չեմ կարծում, թե նախագահը չգիտեր: Բայց ինքը երեւի ավելի լավ գիտի, թե ինչու Լարիսա Ալավերդյանը եւ ոչ թե ես: Ինձ համար ուղղակի տհաճ են այդ խոսակցությունները, ղարաբաղցի եւ այլն: Կարեւորը մթնոլորտն է, հավատը: Այն, որ մարդու իրավունքների պաշտպանությունը այստեղից ենք սկսելու»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG