Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ռուսական քաղաքական հայտնի շրջանակներն անընդհատ խոսում են Վրաստանին ծնկի բերելու համար հայկական գործոնն օգտագործելու անհրաժեշտության մասին: Ձեզ չի՞ մտահոգում Ռուսաստանում ահագնացող այս տեսակետը». «Հայկական ժամանակ» թերթի այս հարցին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը պատասխանում է. - «Հայաստանը երբեք չի անի քայլ, որը կվնասի իր շահերին: Այսօր Վրաստանի կայունությունը Հայաստանի շահերից է բխում, դա մեզ համար կենսական նշանակություն ունի: Եւ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Վրաստանը լինի կայուն եւ խաղաղ, եւ մեր հարաբերությունները, առավել եւս՝ մեր ճանապարհները, Վրաստանի միջոցով դեպի Ռուսաստան եւ արտաքին աշխարհ ապահով լինեն»: Թուրքիայի հետ հարաբերությունների առնչությամբ էլ նախարարը նշում է. - «Այս իշխանությունները տարբեր պատճառներով հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժեր արձանագրելու առավել լուրջ ցանկություն ունեն: Սակայն գործընթացը, որ մենք սկսել ենք, ե'ւ հայ-թուրքական սահմանը բացելու, ե'ւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ երբեւէ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նպատակները, բավական դժվարին են: Այնուամենայնիվ գործընթացը պետք է շարունակել եւ հույս ունենալ, որ իսկապես կարելի է դրական տեղաշարժեր արձանագրել, քանի որ դա, իրոք, բխում է մեր շահերից»: «Լեռնային Ղարաբաղի հարցը հայ-թուրքական հարաբերություններում որպես խոչընդոտ գոյություն ունի, սակայն մեր երկու երկրների հարաբերությունների նորմալացումն այնքան ուժգնորեն չի կապվում ԼՂ հարցի հետ, որքան նախկինում», - ասում է Վարդան Օսկանյանը: Ըստ «Հայկական ժամանակ»-ի, Ժնեւում կայացած Քոչարյան-Ալիեւ հանդիպումն անցանկալի էր Հայաստանի իշխանություններին, եւ նրանք ամեն ինչ անում էին՝ այն հետաձգելու համար, քանզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման քսանշաբաթյա պլան են մշակել, որը սկսելու է գործել Քոչարյան - Իլհամ Ալիեւ առաջին հանդիպման օրից»: Թերթի ուրվագծմամբ՝ խնդիրը բարդանում է այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի հորդորով բանավոր համաձայնություն է տվել ԼՂ հարցի կարգավորման մի տարբերակի, որ մեծ հաշվով ընդունելի չէ իր համար, քանի որ Ռուսաստանի համապատասխան օղակները նրան համոզել են, որ Իլհամ Ալիեւը միեւնույն է՝ մերժելու է այդ տարբերակը, ու այդ դեպքում Քոչարյանի պատրաստակամությունը հավելյալ դիվիդենտներ կբերի նրան: Սակայն Իլհամ Ալիեւը համաձայնել է ընդունել հարցի լուծման այդ տարբերակը, ու Քոչարյանը այսպիսով փաստի առաջ է կանգնել»:

«Առավոտ» թերթը այսօրվա խմբագրականում կրկին շեշտում է իրենց այն տեսակետը, թե Քոչարյան - Ալիեւ հանդիպումները բացարձակապես իմաստազուրկ են: Քաղաքագետ Սուրեն Զոլյանն էլ «Հայոց աշխարհ» թերթում ասում է. - «Այդ հանդիպումների արդյունավետությունը տեսանելի չէ: Կարծում եմ՝ նախագահների ձեւաչափն արդեն սպառել է իրեն: Հեյդար Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ տեղի ունեցած 20 ռաունդանոց հանդիպումների արդյունքները այնքան շոշափելի չէին, որ այսօր լուրջ քննարկումների նյութ դառնան: Նույն պատկերը կլինի, կարծում եմ, նաեւ Իլհամ Ալիեւ - Ռոբերտ Քոչարյան հանդիպումների արդյունքում, եթե ժամանակի ընթացքում այս ձեւաչափը չփոխվի եւ անցում չարվի իրոք բանակցային պրոցեսի»: «Ցավոք, մինչ օրս Հայաստանն ու ԼՂՀ-ն հստակ դիրքորոշում չունեն Արցախի վերջնական կարգավիճակի մասին», - ընդգծում է Սուրեն Զոլյանը: - «Անցել են ժամանակները, երբ հստակությունից խուսանավելը մեզ կարող էր օգտակար լինել: Մինչդեռ ադրբեջանական քարոզչությունն այս հարցում միանշանակ է եւ հետեւողականորեն հասարակական կարծիք է ձեւավորում»:

«Եթե ամբողջ աշխարհում դեկտեմբերն ու հունվարը համարվում են խոշոր զեղչերի եւ նվերների ժամանակաշրջան, ապա Հայաստանում Նոր տարին հայրենի գործարարներն օգտագործում են բնակչության մնացած՝ գերակշիռ մասի հաշվին հնարավորինս շատ հարստանալու նպատակով», - վրդովված արձանագրում է այսօր «Ազգ» թերթի մեկնաբանը։ - «Համառորեն շրջանառվող լուրերը էլեկտրաէներգիայի, ջրի եւ գազի սակագների թանկացման մասին, հացի թանկացումը հավելյալ իրարանցում ստեղծեցին շուկայում, որից չհապաղեցին օգտվել ե'ւ արտադրողները, ե'ւ առեւտրականները։ Երկուսն էլ համերաշխորեն ձեռնամուխ եղան ապրանքների մեծածախ եւ մանրածախ գների բարձրացմանը, իբր սպասվելիք թանկացումներից չտուժելու համար»: Ամենամակերեսային դիտարկումներով անգամ սննդամթերքի գներն այս օրերին աճել են 25-30 տոկոսով։ Մեկնաբանի ձեւակերպմամբ, Հայաստանի բնակչությունը ավելի ու ավելի է սեղմվում հայրենի իշխանությունների «հոգատարության» եւ հայրենի գործարարների «հայրենասիրության» աքցանի արանքում: «Գոլոս Արմենիի» թերթում հերթական աղաղակն է, որ հայրենի իշխանությունները շարունակում են «թուլություն ու անկամություն» ցուցաբերել ճակատագրական հարցերում: Մասնավորապես, ինչպես մատնանշվում է, «ԱրմենՏել»-ի հարցում իշխանության պահվածքն էլ այն դեպքերից է, երբ հասարակությունը ստիպված է լինում իր գումարները կորցրել «իշխանության սակավամտության պատճառով»:

Հայաստանի տնտեսական զարգացումը «կովկասյան վագր» բնորոշման շրջանակում տեղավորած արտգործնախարար Օսկանյանին «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը հարցրել է. - «Չե՞ք մտածում, որ վագրի իմաստով չափազանցրել եք. գուցե ավելի փոքր եւ պակա՞ս ցատկունակ կենդանու անուն էր պետք տալ»: Պատասխանն այսպիսին է. - «Ես համարում եմ, որ կենդանու ընտրությունը ճիշտ է... Ես համարում եմ, որ այս պահին իսկապես մեր երկիրն արագ տեմպերով է առաջ գնում: Իհարկե, դա կարող է նաեւ իր բացասական հետեւանքներն ունենալ՝ սոցիալական բեւեռացման առումով, սակայն խնդիրն այսօր դա չէ», - ասում է Վարդան Օսկանյանը՝ կարեւորելով. - «Տնտեսության նկատմամբ վստահությունը լուրջ գործոն է հետագա զարգացման համար, բացի այդ՝ Ադրբեջանն ինքն իրեն թող չհամոզի, որ այս տարիների տնտեսական բլոկադան ծնկի է բերել Հայաստանի տնտեսությունը, եւ նրանք ապագայում գործ կունենան տնտեսական փլուզում ապրած երկրի հետ, որին հեշտ կլինի ռազմական ճանապարհով հաղթել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG