Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի կոնգրեսը հաստատում է Հայաստանին տրամադրվելիք օգնությունը


Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը անցած երկուշաբթի հաստատել է առնվազն 75 միլիոն դոլարի ամերիկյան աջակցություն Հայաստանին, ինչը 17 տոկոսով քիչ է ընթացիկ տարվա օգնությունից: Նախագահ Բուշի վարչակազմը ճնշում էր գործադրում՝ ավելի մեծ չափով կրճատելու օգնության չափը՝ նախկին խորհրդային հանրապետություններին հատկացվող տնտեսական աջակցության նվազեցման շրջանակներում:

Ամերիկյան հայկական կազմակերպությունների լոբբինգի արդյունքում օրենսդիրները չեն համաձայնել 2004 թվականին օգնության ծավալի առաջարկված կրճատմանը: Եւս 3,4 միլիոն դոլար հատկացվել է որպես ռազմական օգնություն Հայաստանին, ինչպես նաեւ՝ 5 միլիոն դոլար՝ Լեռնային Ղարաբաղում Միացյալ Նահանգների կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերի համար:

Լոբբիստական ազդեցիկ խմբերից մեկը՝ Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), ինչպես տարածված հայտարարության մեջ նշել է կոնգրեսական կապերի գծով տնօրեն Ռոբ Մոշերը, իր երախտագիտությունն է արտահայտել ԱՀՀ-ի՝ Կապիտոլիումի «ընկերներին», որոնք ապահովել են այնքան անհրաժեշտ օգնության հատկացումը: Նա հատկապես նշել է Ներկայացուցիչների տան հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի ջանքերը՝ առանձնացնելով Ջո Նոլլենբերգին:

Մեջբերված են Նոլենբերգի հետեւյալ խոսքերը. - «Այս օգնությունը վերահաստատում է հանձնառությունը մեր բարեկամի եւ դաշնակցի հանդեպ, եւ հավաստում է, որ մեր երկու երկրների միջեւ հարաբերությունները սերտանում են տնտեսական եւ ռազմական ոլորտներում»:

Միացյալ Նահանգների ազդեցիկ հայ համայնքի շնորհիվ Հայաստանը ԱՄՆ-ից մեկ շնչի հաշվով ամենամեծ օգնություն ստացող երկրներից մեկն է. 1992 թվականից ի վեր այդ օգնության չափը կազմել է ավելի քան 1,5 միլիարդ դոլար: Անցած նոյեմբերին Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը Ներկայացուցիչների տան հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի անդամներին տեղեկացրել էր ԱՄՆ-ի օգնությամբ իրականացվող ծրագրերի ընթացքի մասին:

«Քանի դեռ Հայաստանի հարեւանները շարունակում են շրջափակման մեջ պահել Հայաստանը, ամերիկյան օգնությունը վճռական է Հայաստանի զարգացման համար», - ասել է Նոլլենբերգը:

Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հատկացումները նույնական են հոկտեմբերի 30-ին ԱՄՆ-ի Սենատի կողմից հաստատված որոշմանը: Դա նշանակում է, որ Վաշինգտոնը կշարունակի արդիականացնել Հայաստանի զինված ուժերի կապի միջոցները եւ վերապատրաստել հայ զինվորականներին: Հայաստանին ռազմական օգնություն սկսել է հատկացվել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:

Սպիտակ տունը կշարունակի նաեւ միջոցներ հատկացնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական եւ վերականգնման ծրագրերի համար, ինչի դեմ նախկինում բողոքել էր Ադրբեջանը:

Միացյալ Նահանգների կառավարությունը արդեն շուրջ 20 միլիոն դոլար է հատկացրել Լեռնային Ղարաբաղին: Գումարները, որ տրվում են Միացյալ Նահանգներում գտնվող բարեգործական ընկերություններին, հիմնականում ծախսվում են 1991-1994 թվականի պատերազմի ժամանակ վնասված տների եւ ենթակառուցվածքների վերակառուցման համար:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG