Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք» թերթի շեշտադրումներով, Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայում են Ռուսաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական վարքագծի շատ որոշակի փոփոխությունների մասին. - «Խորհրդարան են անցել բացառապես մեծապետականության կողմնակիցները, այնպես որ Միացյալ Նահանգներին իրար հաջորդող զիջումներ կատարելու քաղաքականությունը մոտենում է ավարտին, եւ դրան փոխարինելու է գալիս բավականին ագրեսիվ արտաքին քաղաքականությունը... Փոփոխությունների է ենթարկվելու եւ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Արտաքին քաղաքականության կոմպլեմենտար դրսեւորումներին ի պատասխան այսուհետ Մոսկվայից լինելու են առավել կոշտ արձագանքներ, շատ դեպքերում՝ պարզապես թելադրանք»: «Իրավունք»-ում նաեւ ակնարկվում է. - «Մոսկվան դժվար թե ռեսուրսներ ծախսի այնպիսի վարչախումբ պահելու համար, որը ի վիճակի չէ երկրի ներսում լուծել տարրական խնդիրները եւ ապահովել գոնե նվազագույն օրինականություն»: «Հայկական ժամանակ» թերթի վերլուծականում գնահատական կա, որ «պուտինյան Ռուսաստանը վերջին տարիների իր քաղաքականությամբ ամեն ինչ արել է Հայաստանի սուվերենության մակարդակը նվազեցնելու եւ ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացած երկիրը ամբողջովին իրեն ենթարկեցնելու համար»: Վերջին ընտրությունները ակնհայտ դարձրին, որ Հայաստանի ղեկավարին նորից անմիջականորեն Մոսկվան է նշանակում: «Հայ-ռուսական հարաբերությունների այդպիսի ուղղությունն ու որակը չեն կարող ուրախալի լինել անգամ նրանց համար, ովքեր ցանկանում են ժամ առաջ Հայաստանն ազատված տեսնել Ռոբերտ Քոչարյանից», - նշում է մեկնաբանը: - «Իսկ խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանի այդ քաղաքականությունը ակնհայտորեն սաստկանալու է»: Նկատի ունենալով հավանականությունը, որ Ռուսաստանում կարող են սահմանադրական փոփոխություններ լինել, «Հայկական ժամանակ»-ը կանխանշել է, որ նախագահի պաշտոնը մեկ-երկու ժամկետ երկարաձգելու՝ Ռոբերտ Քոչարյանի որեւէ նախաձեռնության էլ, ուրեմն, «ավագ եղբայրը» ըմբռնումով կմոտենա:

«Ժիրինովսկին միշտ արտահայտում է այն, ինչ իշխանությունն ուզում է, բայց ամաչում է ասել», - ուշադրություն է սեւեռում այսօր «Առավոտ»-ի խմբագիրը: Իսկ Ժիրինովսկին արդեն հայտարարել է. - «Իշխանությունը վերանայելու է Սահմանադրությունը, երկարացնելու է նախագահի պաշտոնավարման ժամկետը, մի խոսքով՝ ուժեղացնելու է Պուտինի անձնական իշխանությունը: Ռուսաստանում հաստատվելու է կոշտ ավտորիտար ռեժիմ»: «Առավոտ»-ի խմբագիրը եւս կանխատեսում է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը փոխվելու է Հայաստանի համար ոչ նպաստավոր ուղղությամբ. - «Ցանկացած կայսերական հավակնություններով երկիր կձգտի որպես դաշնակից ունենալ մի պետություն, որը հլու-հնազանդ կկատարի իր կամքը՝ այդ թվում հակադրվելով հարեւաններին»: Կա ավելի վտանգավոր հեռանկար եւս՝ Ռուսաստանում կայսերական էյֆորիային անխուսափելիորեն հետեւելու են հերթական քայքայման գործընթացները, ուստի «հերթական կոլապսի պահին որքան քիչ կախվածություն ունենանք Ռուսաստանից, այնքան մեր օգուտն է»: «Ժամանակին ցարական կայսրության դավաճանության պատճառով մենք կորցրեցինք Արեւմտյան Հայաստանը: Իսկ բոլշեւիկյան կայսրությունը Ադրբեջանին կցեց Նախիջեւանն ու Ղարաբաղը», - զուգահեռում է «Առավոտ»-ի խմբագիրը:

«Ներկայումս Ադրբեջանը նոր ուժով է շարունակում վարկաբեկման քաղաքականությունը ԼՂՀ հանդեպ», - «Հայոց աշխարհ» թերթում նման դրսեւորումներին է արձագանքում այսօր Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Աշոտ Ղուլյանը: Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն էլ նույն թերթում «Հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչ-որ հանգամանքներում Ադրբեջանը հրաժարվի բանակցելուց ու փորձի հիմնախնդիրը լուծել ուժային եղանակով» հարցին մասնավորապես պատասխանել է. - «Նման ընթացք հնարավոր է, քանի որ վերջին շրջանում Մինսկի խմբի գործունեությունը եւ համանախագահներին Ադրբեջանը հաճախակի է դարձնում քննադատության թիրախ: Բանն այն է, որ համանախագահները աստիճանաբար... ավելի ու ավելի արդարացի են դառնում, իսկ ադրբեջանցիներին սա հայամետություն է թվում»:

«Համանախագահների հերթական անպտուղ այցը» վերնագրի տակ «Առավոտ»-ի մեկնաբանը երկու ընդգծում ունի՝ հայկական կողմի ցանկությունը՝ անհրաժեշտության դեպքում դարձյալ ձգձգված տեսնել բանակցային գործընթացը, կարծես իրականություն է դառնում, բայց իրականում ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի:

«Հացի ու ամեն ինչի աննախադեպ թանկացումները Հայաստանում անշեղորեն շարունակվում են», - արձանագրում է այսօր «Այբ-Ֆե» թերթը: - «Դա նաեւ նշանակում է, որ մեր իշխանություններն ընդհանրապես կորցրել են վախի զգացումը ու այլեւս բացարձակապես հաշվի չեն առնում ժողովրդի գործոնը: Դա նաեւ նշանակում է, որ մեր իշխանությունները համոզված են, որ Հայաստանում ժողովուրդ, որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի»: Այլապես առանց հետ, առաջ ու կողքերը նայելու չէին շարունակի վայելել՝ առանց հասկանալու, որ ժողովրդի համբերությունն անսահման չէ»: «Հայկական ժամանակ» թերթում ուշադրություն է հրավիրված, որ Ռոբերտ Քոչարյանի ու Արթուր Բաղդասարյանի հայտարարություններից հետո էլ բնական մենաշնորհները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը մամուլում ասել է, որ գազի սակագինը բարձրանալու է, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը կապված է վերջինիս հետ: Այս ամենից բխեցվում է, որ իշխանությունները այլեւս չեն տիրապետում իրավիճակին:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG