Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Գործընթացի արագացումը կարող է առավել բացասական հետեւանքներ ունենալ»


Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը երկուշաբթի օրը ելույթ է ունեցել Մաաստրիխտում (Հոլանդիա) սկսված Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախարարների խորհրդի 11 հանդիպման ժամանակ: Իր ելույթում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Օսկանյանը, ինքը հիմնական շեշտը դրել է «Լեռնային Ղարաբաղ փաստի վրա»:

«Ես կենտրոնացել եմ հիմնականում Լեռնային Ղարաբաղ փաստի վրա: Որ այս տասը տարիների ընթացքում փաստ է, որ կա Լեռնային Ղարաբաղ, որը կայուն քաղաքական միավոր է այս տարածաշրջանում: Եվ եթե կոնֆլիկտը ինքը ներկայացվում է որպես անկայության աղբյուր, ապա Ղարաբաղի փաստը, որ կայացել է, ժողովրդավարական հաստատություններ է ստեղծել, կարող է կայունացնող դեր խաղալ այս տարածաշրջանում», - «Ազատություն» ռադիակայանի հետ հեռախոսազրույցում ասաց Օսկանյանը:

Հայաստանի արտգործնախարարը երկուշաբթի օրը նաեւ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Օսկանյանը փոխանցեց, որ ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի միջնորդները, ինչպեսեւ ծրագրված է, տարածաշրջան են գալու դեկտեմբերի 5-ին. -«Կսկսեն Բաքվից, հետո կգան Երեւան եւ Ստեփանակերտ»: Արտգործնախարարի խոսքերով, համանախագահների այցը կրելու է ավելի «խորհրդատվական բնույթ»:

Փորձագիտական շրջանակներում ենթադրություններ են հնչում, թե Մինսկի խումբը փորձելու է արագացնել հակամարտության կարգավորման գործընթացը, որպեսզի արագացվի Կասպից ծովի նավթը Եվրոպա հասցնելու՝ «դարի նախագծի» իրականացումը: Անգամ պնդումներ կան, թե Վաշինգտոնից եւ նույնիսկ Մոսկվայից ուժեղ ճնշում է լինելու, եւ դրա հետ է կապվում Ռոբերտ Քոչարյանի չնախատեսված հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ:

Անդրադառնալով սրան, Օսկանյանը նախ հերքեց, թե Հայաստանի նախագահի այցը անակնկալ էր ու չնախատեսված: «Դա հերթական խորհրդատվական այց էր», - ասաց նա:

Իսկ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի արագացման եւ այդ առումով ճնշումների վերաբերյալ ասաց. - «Չեմ կարծում: Համանախագների մակարդակով գոնե այսօր նշույլներ չկան, թե որեւէ ճնշում կլինի: Իհարկե, բոլոր հետաքրքրված են, որ Լեռնային Ղարաբաղի հարցը հնարավորին չափ կարճ ժամկետում կարգավորվի, բայց եթե փորձ արվի արհեստականորեն արագացնել, ես կարծում եմ, որ դա առավել բացասական հետեւանքներ կարող է ունենալ»:

«Որովհետեւ այս գործընթացը պետք է գնա իր նորմալ տրամաբանությամբ, իր հունի մեջ պետք է դրվի եւ առաջին փորձը, որ կարվի [համանախագահների առաջիկա այցի ընթացքում], հենց դա կլինի՝ այս պրոցեսը դնել իր նորմալ հունի մեջ», - փաստարկեց Հայաստանի արտգորնախարարը՝ ավելացնելով. - «Եվ միայն դրանից հետո կարելի է մտածել, թե ինչպիսի արագությամբ կարելի է առաջ շարժվել»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG