Մատչելիության հղումներ

Նախագահի ստորագրած օրենքը կարող է ուժի մեջ մտնել արդեն «27»-ի դատավճռի հրապարակումից հետո


Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, Ռոբերտ Քոչարյանը հինգշաբթի օրը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մի քանի ծանր հանցագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտվածները զրկվում են ներման իրավունքից:

Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի նախաձեռնությամբ ընդունված օրինագծի նպատակը առաջին հերթին «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործների համար ներման հնարավորությունը բացառելն էր: Ու թեեւ Քոչարյանը ստորագրել է օրենքը, բայց այն դեռեւս ուժի մեջ չի մտնում. պաշտոնապես նոր օրենքը ուժի մեջ կմտնի միայն հրապարակվելուց 10 օր հետո:

Մինչդեռ, արդեն ասվում է, թե «Հոկտեմբերի 27»-ի գործը վարող դատավոր Սամվել Ուզունյանը նիստ է նշանակել դեկտեմբերի 2-ին (դատարանը ավարտել է դատաքննությունը եւ հեռացել խորհրդակցական սենյակ), եւ այդ օրը կարող է հրապարակել դատավճիռը: Այդ դեպքում կստացի, որ Քրեական օրենսգրքի՝ այսօր նախագահ Քոչարյանի կողմից ստորագրված լրացումը չի տարածվի Նաիրի Հունանյանի եւ նրա հանցախմբի անդամների վրա, եւ ցմահ ազատազրկման դատապարտվելու դեպքում նրանք 20 տարի պատիժը կրելուց հետո ներում խնդրելու իրավունք կունենան:

«Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանի կարծիքով, «Հոկտեմբերի 27»-ի հանցագործների համար միակ արդարացի դատավճիռը մահապատիժն է:

«Հստակ է մեր տեսակետը, բազմիցս ենք արտահայտվել: Մենք գտնում ենք, որ թե' Սահմանադրությունը եւ թե' Եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը՝ վերապահումները այդ արձանագրության, հնարավորություն են տալիս դատարանին կայացնելու մահապատժի վճիռ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դեմիրճյանը: - «Նաեւ պետք է հասկանալ, որ Հայաստանում որեւէ երաշխիք չկա, որ ցմահ բանտարկության դատապարտված ոճրագործները մինչեւ վերջ կկրեն իրենց պատիժը»:

«Ես խորապես համոզված եմ, որ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործները՝ թեկուզ նրանց 6 տարի էլ տային, միեւնույն է կյանք չունեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: - «Նույնիսկ վրեժխնդրության հերթ ինձ չի հասնելու: Եվ ես չեմ էլ պատրաստվում այդ կարգով վրեժխնդիր լինել»:

Նրա խոսքերով, Հայաստանի արդարադատության համակարգի կայացման կարելի է հասնել միայն իշխանափոխության դեպքում:
Սարգսյանը վստահ է, որ երկրում իշխանափոխություն է լինելու, ինչից հետո ոճրագործները նոր ցուցմունքներ են տալու եւ «Հոկտեմբերի 27»-ի գործը ամբողջությամբ բացահայտվելու է:

Արամ Սարգսյանի խոսքերով, սակայն, վտանգ կա, որ ոճրագործները չհասցնեն խոսել. - «Ովքեր պատվիրել են այդ հնգյակին այդ գործը անել, իրենց վկաներ էլ պետք չեն»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG