Մատչելիության հղումներ

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահի այցը Հայաստան


Շաբաթ օրը Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի գլխավորած պատվիրակություն, որը մեկօրյա այցով ժամանել է Երեւան, հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ:

Հանդիպումների ժամանակ երկուստեք ընդգծվել է ռազմավարական գործընկեր երկրների միջեւ համապատասխանաբար միջխորհրդարանական եւ միջկառավարական կապերի հետագա ամրապնդման ու խորացման անհրաժեշտությունը:

Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների, խմբակցությունների ներկայացուցիչների եւ հանձնաժողովների նախագահների հետ հանդիպումներից հետո Արթուր Բաղդասարյանի հետ համատեղ ասուլիսում Սերգեյ Միրոնովը տեղեկացրեց, որ Երեւան է ժամանել Բաքվից, ուր մասնակցել էր Ադրբեջանի նորընտիր նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությանը:

Թեպետ, Միրոնովի խոսքերով, այս անգամ Բաքվում որեւէ հանդիպում կամ բանակցային արարողություն նախատեսված չի եղել, սակայն Ղարաբաղյան խնդիրը մշտապես քննարկվում է «Կովկասյան քառյակի» խորհրդարանական հանդիպումների ժամանակ, եւ Ռուսաստանի տեսակետը անփոփոխ է:

«Ռուսաստանը պատրաստ է համաձայնել երկու կողմերի համար ընդունելի ցանկացած որոշման եւ հանդես գալ իբրեւ այդ որոշման իրականացման երաշխավոր», - ասաց Միրոնովը՝ ավելացնելով, թե, իր կարծիքով, Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրական գործընթացների ավարտից հետո Ղարաբաղյան բանակցությունները ավելի ինտենսիվ կընթանան:

Անդրադառնալով «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրին, որով հայաստանյան մի քանի ձեռնարկություններ փոխանցվել են Ռուսաստանին, Միրոնովը ասաց. - «Վարչապետ Կասյանովը հատուկ հանձնարություններ է տվել նախարարություներին ու գերատեսչություներին, որպեսզի ավարտին հասցվեն գույքի հանձման բոլոր գործընթացները»:

Պետդումային վերին պալատի նախագահը հերքեց լուրերը, թե ռուսական կողմը որոշել է հրաժարվել որոշ ձեռնարկություներից: Նրա փոխանցմամբ, նշված գործարքին վերաբերող խնդիրները քննարկվել են վարչապետ Ադրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ եւ նշվել է, որ ամեն ինչ նորմալ է ընթանում:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողներին ասաց, որ կարեւոր նշանակություն է տրվել Հայաստանի եւ Ռուսաստանի առանձին շրջանների միջեւ համագործակցության հարցին: Բաղդասարյանի փոխանցմամբ, 2004 թվականին Ռուսաստանում եւ Հայաստանում անցկացնվելու են միջռեգիոնալ համագործակցությանը նվիրված խորհրդաժողովներ՝ Ռուսաստանի նահանգապետերի, Հայաստանի մարզպետերի, երկու երկրների ձեռներեցների ու քաղաքական գործիչների մասնակցությամբ:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG